Երևանում Nissan է այրվել, 39–ամյա վարորդը դեմքի այրվածքներով հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Այսօր արտակարգ պատահար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, փետրվարի 3-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:44-ին, մարվել՝ 09:47-ին:
«Այրվել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ե․, ծնված 1982 թ.) բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։ Վարորդը դեմքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–