ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու սպանության գործով որոնվում է 6 մարդ։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանությունն ու քննչական բաժինը որոնում են 6 հոգու, ովքեր, ըստ ստացված օպերատիվ տվյալների, ներկա են եղել միջադեպին։
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, հունվարի 7–ին ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։
Նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշով։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում