Արտակարգ դեպք Չարենցավանում. 32–ամյա ամուսինը հրացանով կրակել է 20–ամյա կնոջ ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկնության Չարենցավանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 23-ին Չարենցավան քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը, ժամը 06։30-ի սահմաններում Եսայան և Շահումյան փողոցների խաչմերուկում Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Ա-ն իր անվամբ հաշվառված «GAMO» հրացանով կրակել է իր կնոջ՝ 20-ամյա Հայարփի Ղ-ի ուղղությամբ։
Կայքի տեղեկություններով՝ վերջինս «ձախ ոտնաթաթի թափանցող հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Չարեյնցավանի ոստիկանները հայտնաբերել են Հայկ Ա-ին, այնուհետև կատարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ինքնակամ ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ներկայացրել նաև հրացանը։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է փորձաքննություն, այդ թվում՝ դատաբժշկական։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–