Նոյեմբերին 25–ամյա բալահովիտցին սպանել է 35–ամյա տղամարդուն, գլուխն ու մարմինը նոր են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)

28.06.2021, 13:57
Նոյեմբերին 25–ամյա բալահովիտցին սպանել է 35–ամյա տղամարդուն, գլուխն ու մարմինը նոր են հայտնաբերել.ՎԻԴԵՈ
Նոյեմբերին 25–ամյա բալահովիտցին սպանել է 35–ամյա տղամարդուն, գլուխն ու մարմինը նոր են հայտնաբերել (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի./Նովոստի–Արմենիա/. 2020թ.–ի նոյեմբերի 2-ին Ջրվեժ համայնքի մի բնակչուհի ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 13.00-ի սահմաններում, 35-ամյա ամուսինը Բալահովիտ գնալու նպատակով դուրս էր եկել տնից և չէր վերադարձել, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Որոնողական աշխատանքն արդյունք չտվեց, և նոյեմբերի 12-ին սպանության հատկանիշներով քրեական գործ հարուցվեց։

Բազմակողմանի միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ 35-ամյա տղամարդուն սպանել էր
Բալահովիտ գյուղի 25-ամյա մի բնակիչ, որին հայտնաբերել չհաջողվեց։

«Ապրիլի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր և Կոտայքի մարզային վարչությունների ծառայողները, փոխգործակցելով Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի աշխատակիցների հետ, Հատիս գյուղի վարչական տարածքի դաշտում հայտնաբերեցին մարդու գլուխ և մարմին. հագուստը համընկնում էր անհետ կորած տղամարդու հագուստի հետ: Մինչ այդ կասկածյալի տան և ավտոտնակի խուզարկությամբ արնանման հետքեր էին հայտնաբերվել, որոնք, ըստ դատագենետիկական փորձաքննության, համընկնում էին դիակից վերցված փորձանմուշների հետ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հունիսի 14-ին Բալահովիտ գյուղի 25-ամյա բնակչի նկատմամբ սպանության մեղադրանքով հետախուզում հայտարարվեց։

Հարազատների հետ բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 23-ին հետախուզվողը ներկայացավ ոստիկանության Կոտայքի բաժին։

Նա ներկայացվել է նախաքննական մարմնին։

Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։–0–