Երևանում 16–ամյա դեռահասը Infinity–ի ղեկին վթար է ենթարկվել

17.01.2021, 15:11
Երևանում 16–ամյա դեռահասը Infinity–ի ղեկին վթար է ենթարկվել
Երևանում 16–ամյա դեռահասը Infinity–ի ղեկին վթար է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը։

Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

«Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ժ․ Ջ․, ծնված 2005 թ․)  բախվել է կայանած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենային։ «Infinity» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ժ․ Ջ․-ին և ուղևոր Գ․ Ղ․-ին (ծնված 2005 թ․) փրկարարները դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ», – նշվում է գերատեսչության հաղորդագրութայն մեջ։

Փրկարարները հոսանքազրկել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ։–0–