Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար 3,447 մլրդ դրամ կծախսվի

20.02.2020, 15:06
Կառավարությունը 3,447 մլրդ դրամ կտրամադրի սահմանադրական հանրաքվեի կազմակերպմանը
Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար 3,447 մլրդ դրամ կծախսվի
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի տեղի ունեցածնիստի ժամանակ որոշել է կառավարության 2020 թ.-ի Պահուստային ֆոնդից 3,447 մլրդ դրամ տրամադրել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հանրաքվեի կազմակերպմանը:

Փետրվարի 6-ին Ազգային ժողովի պատգամավորները որոշեցին հանրաքվեի միջոցով որոշել Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխություններ կատարելու հարցը, որը ենթադրում է Սահմանադրական դատարանի լուծարում: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 9–ին ստորագրեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը` նշանակելով հանրաքվեի անցկացման օրը։ Այն կկայանա ապրիլի 5–ին։

«Հանրաքվեի կազմակերպման համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրամադրվի 2,553 մլրդ դրամ: Նախատեսվում է ծախսել 660 մլն դրամ 1500 ընտրատեղամասերում առցանց տեսանկարահանման համակարգեր տեղադրելու համար»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նաև ասաց 234 մլն դրամ հատկացվելու է ոստիկանությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո» շարժմանը, իսկ շտաբը կգլխավորի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչ վերաբերում է «Ոչ»-ին, ապա Ազգային ժողովի որոշման նախագծին դեմ կամ ձեռնպահ քվեարկած Ազգային ժողովի պատգամավորները չեն օգտվել շարժում կազմելու հնարավորությունից՝ ի տարբերություն հասարակական կազմակերպության: Օրերս «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ղեկավար Ռուբեն Մելիքյանը հայտարարել էր կայանալիք հանրաքվեին «Ոչ» քարոզչական կողմ դառնալու մասին: Իսկ փետրվարի 18-ին ԿԸՀ-ն «Ոչ» քարոզչական կողմ գրանցվելու դիմում է ստացել:-0-