ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան

01.10.2021, 21:25
ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան
ԶՊՄԿ–ի նոր բաժնետերերը` «Գեոպրոմայնինգ Արմենիայի» դուստրն ու ՀՀ կառավարությունը կկառուցեն նոր պղնձաձուլարան

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ կառավարությունը ուրախ են հայտարարել, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։ 

Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%–ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որը 2021թ. սեպտեմբերի 30–ին ձեռք էր բերել ԶՊՄԿ–ի 60%–ը։ 

«Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն, մեկնաբանելով գործարքը, նշել է, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և այն արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար:

«Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ–ի սեփական կապիտալում։ Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը», – նշել է նա։

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, մեկնաբանելով գործարքը, շնորհակալություն է հայտնել «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար:

«Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները», – հայտարարել է Պապիկյանը:

Նախօրեին կառավարության նիստի ժամանակ որոշում է ընդունվել ազգայնացնել «Արդյունաբերական ընկերությանը» պատկանող ԶՊՄԿ–ի բաժնետոմսերի 25%–ը (412,250.75 հատ հասարակ բաժնետոմս` 20 հազար դրամ արժողությամբ) նվիրաբերության միջոցով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի խոշորագույն ընկերություններից է և ներառված է 1000 խոշոր հարկատուների ցանկում։ ԶՊՄԿ–ն գտնվում է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, այն շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։–0–