Ընդդիմությունը ներկայացրել է ՀՀ վարչապետի թեկնածուի համալիր խնդիրը

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարչապետի թեկնածուի հիմնական խնդիրը լինելու է երկրի հակաճգնաժամային կառավարումը և արտահերթ խորհրդարանական ընտրություններին պատրաստվելը, շաբաթ օրը «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ «Հայրենիքի փրկության շարժումը» որպես վարչապետի միասնական թեկնածու առաջադրել է Հայաստանիանկախության ակունքներում կանգնած Վազգեն Մանուկյանի թեկնածությունը:
Վանեցյանի խոսքով, նա լինելու է ապակուսակցական, վերկուսակցական վարչապետ:
«Այս հարցում մեզ հաջողվել է գտնել Հայաստանի համար աննախադեպ բանաձև՝ Վազգեն Մանուկյանն ու նրա ղեկավարած քաղաքական ուժը չեն մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին: Այսպիսով, ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ազատ ու անկախ ընտրությունների երաշխավորը լինելու է սուբյեկտ, ով անձնական և կուսակցական շահ չի հետապնդելու ընտրություններում»,- նշել է Վանեցյանը:
Նա ընդգծել է, որ Մանուկյանն ունի անհրաժեշտ պետական, քաղաքական ու հակաճգնաժամային կառավարման փորձ:
«Մեր կուսակցությունների և Մանուկյանի խնդիրն է ստեղծել կենսունակ ու արդյունավետ պետական կառավարման համակարգ, որ ոչ թե այդ համակարգերը ծառայեն անձերին, այդ անձերը, նույնիսկ ամենափորձառու, ծառայեն համակարգին»,- նշել է Վանեցյանը:
Նա ընդգծել է, որ երկրին չափազանց դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ մի կողմից կա պատերազմի թողած սարսափելի հետևանքներ, մյուս կողմին քայքայված տնտեսություն և իսպառ վերացած անվտանգային համակարգ:
«Մեր համալիր խնդիրը տնտեսության վերակառուցումն է և անվտանգային համակարգի վերականգնումը: Կարևոր է արձանագրել, որ նշված խնդիրների լուծում օրգանապես պայմանավորված է քաղաքական փոփոխություններով: Տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեն օտարերկյա ներդրումները, իսկ պատերազմից հետո ոչ մի օտարերկրյա ներդրող ներդրում չի ունենալու, իսկ գործողները որոշել են արտագաղթել, և խնդիրը միայն պատերազմի մեջ չէ, խնդիրը այն իշխանությունն է, որը գործարարի համար չի կարող վստահություն ներշնչել»,- ընդգծել է նա:
Հետևաբար, Վանեցյանի խոսքով, մինչև չձևավորենք ներքին և արտաքին վստահություն վայելող իշխանություն, չենք կարող մտածել օտարերկրյա ներդրումների մասին:
«Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն մի օրը հավասար է Հայաստանի չստացված եկամուտների և կորսված հնարավորությունների, իշխանության մնալով՝ Նիկոլ Փաշինյանը թալանում է Հայաստանի քաղաքացուն, ժողովրդին, քանի որ իր գոյությամբ արգելափակում է ցանկացած նոր ներդրում»,- նշել է նա:
Ինչ վերաբերվում է անվտանգության հարցերին, ապա Վանեցյանի խոսքով, կարող ենք ֆիքսել, որ ՀՀ քաղաքացին իրեն անվտանգ և ապահով չի զգում անգամ իր սեփական տան մեջ:
«Պետության չգոյությունը հանգեցրել է նրան, որ ադրբեջանական տարբեր խմբավորումներ հայտնվում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում և տարածք պահանջել: Այդ հնարավորությունը ադրբեջանցիներին տվել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով նրանց համար արել է ավելին, քան բոլոր ադրբեջանցի առաջնորդները միասին վերցված: Հետևաբար, անհրաժեշտ է օր առաջ ձեւավորել մի իշխանությունը, որը կկարողանա Հայաստանի ու Արցախի համար պահպանել այն, ինչը դեռ հնարավոր է պահպանել, անհրաժեշտ է ձևավորել Ադրբեջանին ոչ ասող իշխանություն, քանի որ ՆԻկոլ Փաշինյանը ապացուցել է, որ Ադրբեջանին որևէ հարցում մերժելու կամք ու համարձակություն չունի»,- նշել է Վանեցյանը:
Նա նշել է, որ երկուսուկես տարի առաջ մեր ժողովրդի մեծամասնությունը դուրս էր եկել փողոց փոփոխություններ կատարելու ակնկալիքով, ինքս եղել եմ այդ մարդկանց մեջ, այսպես կոչված, հեղափոխական թիմի ներկայացուցիչ:
«Երբ գիտակցել եմ, որ փոփոխությունների ոգևորությունը թվացյալ էր, և հեղափոխական կոչված ճանապարհը մեզ տանում է դեպի կործանում, ես դուրս եմ եկել և կանգնել այսօր այստեղ: Ես այդ գիտակցմանը հանգել եմ մեծ դժվարությամբ, որովհետեւ հեշտ չի եղել խոստովանել սեփական սխալը կամ խաբված լինելը: ասկանում եմ, որ մեր ժողովրդի մեծ մասի համար, այո դժվար է գիտակցել, որ 2,5 տարի առաջ սխալ որոշում է կայացրել: Դժվար է, բայց այլ ճանապարհ չկա: Մենք կործանումից դեպի զարգացում ճանապարհը պետք է սկսենք սեփական սխալների գիտակցումից: Բոլորս պետք է մեր մեջ ուժ գտնենք առերեսվելու ճշմարտության հետ»,- հայտնել է ընդդիմադիրը: -0-