ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է Video Banking նոր ծառայություն

04.09.2019, 19:33
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց Video Banking նոր հեռահար ծառայություն
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացրել է Video Banking նոր ծառայություն
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար մեկնարկեց Video Banking նոր հեռահար ծառայություն, որն այսօր ներկայացվեց լրագրողներին:

Ինչպես հայտնեց ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրենի տեղակալ–տնօրինության նախագահ, մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆյա Մաճկալյանը, Video Banking-ը բացառիկ սպասարկում է, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս հեռահար եղանակով, այն է՝ Բանկի աշխատակցի հետ Skype տեսազանգի միջոցով, իրականացնել բանկային գործառնություններ:

«Մեր հաճախորդներն առանց որևէ փաստաթուղթ ստորագրելու աշխարհի ցանկացած կետից կարող են կապվել բանկի կոնտակտային կենտրոնի հետ, անցնել նույնականացում և կատարել ցանկացած բանկային տրանզակցիա։ Ծառայութունը կոտրում է ժամանակի և տարածության մասին բոլոր պատկերացումները և բանկի ու հաճախորդի միջև շփումների նորանոր ժամանակակից մեթոդներ է մշակում»,– ասաց Մաճկալյանը։

Նրա խոսքով, տեսազանգի օգնությամբ հաճախորդները կկարողանան փոխանցումներ կատարել իրենց հաշիվներում, ներբանկային և միջբանկային փոխանցումներ Հայաստանի տարածքում, պետբյուջեի վճարումներ, ինչպես նաև փոխանցումների ստացում և ուղարկում վճարային և SWIFT համակարգերով։ Բացի այդ, տրամադրվում է նաև սեփական հաշիվների միջև արժութափոխանակման անկանխիկ գործառնությունների, կոմունալ վճարումների, վարկերի մարման, դեպոզիտային հաշիվների համալրման և ձևակերպման, քարտային, բանկային և կուտակային հաշիվների բացման կամ փակման, ինչպես նաև sms բանկինգի ծառայության ակտիվացման հնարավորություն։

«Ծառայության գործարկմամբ մենք նաև լուծում ենք մեր բանկի մասնաճյուղերի հերթերի խնդիրը և մեր հաճախորդների համար լրացուցիչ հարմարավետություն ենք ստեղծում։ ՎՏԲ–Հայաստան Բանկը մշտապես զարգացնում է իր ծառայություններն ու պրոդուկտները և ամեն կերպ
ձգտում նվաճել «Ապագայի բարձր տեխնոլոգիաների Բանկ» տիտղոսը»,– ընդգծեց նա։

Մաճկալյանը չբացառեց, որ առաջիկայում տեսազանգ կարելի կլինի իրականացնել Viber և WhatsApp համակարգերով։ Նա նաև ընդգծեց, որ հաճախորդի տեսահեռարձակման վատ որակի և հստակ պատկերի բացակայության դեպքում տրանզակցիաներ չեն իրականացվի։

Նա հայտնեց, որ նոր համակարգի գործարկմանը զուգընթաց բանկը գործարկել է նաև Call Center–ի նոր գրասենյակ, որը շուրջօրյա կսպասարկի նաև տեսազանգեր։ Նոր կոնտակտային կենտրոնը բացվել է 2019 թվականի մարտին և արդեն պատրաստ է կապի բոլոր տեսակների սպասարկմանը։

«Մինչև սեպտեմբերի վերջ ՎՏԲ–Հայաստան Բանկը կգործարկի նաև նոր համակարգ, որը թույլ կտա ֆիզիկական անձանց առցանց ռեժիմով վարկի հայտ ներկայացնել և, հաստատման դեպքում, ստանալ այն` չայցելելով մասնաճյուղեր»,– ասաց Մաճկալյանը։

«Video Banking» ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով Բանկի պաշտոնական կայք՝ www.vtb.am, Բանկի մասնաճյուղեր և զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–