Վանաձորում 9-ամյա երեխան ընկել է շենքի 2-րդ հարկից. վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երեկ՝ մայիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 15:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 44 շենքի 2-րդ հարկից 9-ամյա երեխա է ցած ընկել:
Կայքի տեղեկություններով, երեխային շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ, ստանալով առաջին բուժօգնություն, Սանավիացիայի ուղղաթիռով նրան տեղափոխել են Երևան:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը նույնպես տեղեկություն է հայտնել դեպքի և երեխայի վիճակի մասին:
«Վանաձոր քաղաքի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից 9-ամյա երեխա է ընկել ու շտապօգնության մեքենայով՝ ծանր վիճակում տեղափոխվել տեղի բժշկական կենտրոն: Առաջին բուժօգնություն ստանալուց հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն ուղղաթիռով երեխային տեղափոխել են Երևան: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում»,- նշել է Դերձյանը:
Նա հայտնել է, որ երեխան ունի համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ, կոմա և մի շարք այլ վնասվածքներ:
«Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, միացված է արհեստական շնչառության սարք: Գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների խիստ հսկողության տակ»,- նշել է Դերձյանը: -0-