Վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը

20.12.2025, 09:50
Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե, ասել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը
Վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի/Նովոստի-Արմենիա/Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար (մոտական՝ 2026 թվականի մարտի 20-ին):

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը:

Նրա խոսքով, այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը:

«Երևանում արևածագը կդիտվի 08:20, արևամուտը 17:39, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե: Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով»,-գրել է նա։