Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում

24.04.2017, 16:21
Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը:
Թրամփի` ապրիլի 24-ի ելույթի համար «ցեղասպանություն» բառի հոմանիշ են փնտրում
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Սպիտակ տան speachwriter-ները Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահի ելույթի համար փորձում են գտնել «ցեղասպանություն» բառի հոմանիշը, գրել է հանրաճանաչ ամերիկահայ գրող, Պուլիցերյան մրցանակակիր Քրիս Բոխջալյանը:

Ավանդաբար ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ԱՄՆ-ի նախագահները կարեկցանքի և աջակցության խոսքերով դիմում են հայ ժողովրդին: Սակայն «ցեղասպանություն» տերմինն այդ ուղերձներում փոխարինվում է այլ բառերով` «ջարդ», «մեծ ողբերգություն»: Սպիտակ տան նախկին տերը` Բարաք Օբաման, ով մինչև ընտրվելը խոստացել էր պաշտոնապես ընդունել և դատապարտել Հայ ժողովրդի ցեղասպանությունը, մի քանի անգամ օգտագործել է «Մեծ եղեռն» արտահայտությունը:

«Այսօր` Ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Այս ողբերգական տարելիցի հիշատակման համար ԱՄՆ նախագահը կգտնի «ցեղասպանություն» բառի ևս մի մեղմասություն, քանի որ Միացյալ նահանգներում չեն ցանկանում է դիմակայել Թուրքիային` կատարվածի համար նրանց մեղադրելով», նշվում է Բոխջալյանի հոդվածում:

Նա ընդգծել է, որ ամերիկյան Կոնգրեսը ևս դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Աշխարհասփյուռ հայությունն ապրիլի 24–ին նշում է Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը: -0-