Ստեղծվել է «հաց բերողի» մարդաչափ քանդակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

17.05.2017, 17:24
Քանդակագործ Դավիթ Թևանյանը աշխատում է Արթուր Սարգսյանի մարդաչափ քանդակի վրա:
Ստեղծվել է «հաց բերողի» մարդաչափ քանդակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Քանդակագործ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայի ավարտական կուրսի ուսանող Դավիթ Թևանյանը աշխատում է Արթուր Սարգսյանի մարդաչափ քանդակի վրա։

Ինչպես գրում է hraparak.am–ը, «հաց բերողին» Դավիթը պատկերել է շարժման մեջ՝ մի ձեռքում հաց, մյուս ձեռքում՝ պոկած փշալար։

«Մի ձեռքով նա այդ պատնեշն է ճեղքում ու հաղթահարում, փշալարը հենց այդ իմաստն ունի, փշալար բռնելը հեշտ բան չէ, խենթություն է։ Իսկ մյուս ձեռքով հացը կարծես մատուցելու, հասցնելու տեսքով է տանում։ Պորտրետի վրա էլ աշխատել եմ որքան հնարավոր է իր նմանությունը պահել եւ տալ այնպիսի հոգեվիճակ, որում ես հաճախ էի իրեն տեսնում խոսելիս»,– ասել է քանդակի հեղինակը։

Դավիթն Արթուրի երկու քանդակ է ստեղծել, որից մեկն ավելի առասպելական տեսք ունի։ Դրանցից մեկը, ըստ հեղինակի, կլինի նրա դիպլոմային աշխատանքը։

Արդյո՞ք, «հաց բերողի» արձանը կտեղադրվի Երևանում, դեռևս անհայտ է։ -0-