Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը պատմեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած հայրենադարձների մասին

23.11.2018, 15:21
Հայաստանի սյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ուրբաթ տված ասուլիսում պատմել է այն ընտանիքների մասին, որոնք Հայաստան են վերադարձել թավշյա հեղափոխությունից հետո։
Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը պատմեց թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան վերադարձած հայրենադարձների մասին
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի սյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ուրբաթ տված ասուլիսում պատմել է այն ընտանիքների մասին, որոնք Հայաստան են վերադարձել թավշյա հեղափոխությունից հետո։

«Հեղափոխությունից հետո հայրենադրաձվել է ավելի քան 450 ընտանիք, սակայն սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապ են հաստատել նախարարության հետ: Թիվը անհամեմատ ավելի մեծ է»,– ասաց նախարարն ասուլիսում` ներկայացնելով գերատեսչության 6–ամսյա աշխատանքի արդյունքները։

Նրա խոսքով, ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն։

Բացի այդ, նախարարի խոսքով, 2018 թվականի ընթացքում սփյուռքի նախարարություն են դիմել Սիրիայից Հայաստան տեղափոխված 930 սիրիահայեր 951 խնդիրներով: ՀՀ կառավարության աշխատակազմ է ուղարկվել «Սիրիական հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում պաշտպանություն հայցող անձանց ինտեգրման 2018-2022 թվականների ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման լրամշակված նախագիծը: -0-