Մեդվեդևը հավատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը

26.12.2011, 11:37
Մեդվեդևը հավատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը
Մեդվեդևը հավատում է ղարաբաղյան խնդրի կարգավորման հնարավորությանը

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահ Դմիդտրի Մեդվեդևը համոզված է, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորություն կա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Դա գուցե հետխորհրդային տարածքի միակ հակամարտությունն է, որը ներկայումս հնարավոր է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից և ցանկությունից, և, ուղիղ ասեմ, հեշտ լուծումներ չեն լինում»,- ասել է Մեդվեդևը «Ադրբեջանի հեռուստատեսությանը և ռադիոյին» (AzTV) տված հարցազրույցում:

Մեդվեդևի խոսքերով՝ Մոսկվան կնպաստի հակամարտության խաղաղ կարգավորմանը նաև հետագայում: Ռուսական պետության ղեկավարը նշեց, որ արդեն բարձրացրել է այդ հարցն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Բացի այդ, Մեդվեդևի միջնորդությամբ վերջին մի քանի տարիներին եռակողմ ութ հանդիպումներ են կայացել, երբ հանդիպել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները:

«Հաջողվեց նաև ողջ հստակությամբ կողմերին ներկայացնել այն բոլոր հարցերը, որոնց վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին նրանց դիրքորոշումները տարբեր են, ներկայացնել ազնվորեն, բաց և ներկայացնել սեփական բոլոր փաստարկները»,- ասել է ռուս նախագահը: -0-