Պրոխորովին նախագահի պաշտոնում առաջադրելու համար ընտրողների ժողովը նախատեսված է դեկտեմբերի 15-ին

13.12.2011, 16:45
Պրոխորովին նախագահի պաշտոնում առաջադրելու համար ընտրողների ժողովը նախատեսված է դեկտեմբերի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը նախատեսում է դեկտեմբերի 15-ին Ֆինանսական համալսարանի շենքում ՌԴ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման վերաբերյալ ընտրողների խմբի ժողով անցկացնել, «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել են ԿԸՀ-ից:

«Դեկտեմբերի 9-ին ԿԸՀ-ում Պրոխորովի կողմից դիմում է ստացվել այն մասին, որ դեկտեմբերի 15-ին ֆինանսական համալսարանի շենքում տեղի է ունենալու ՌԴ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման վերաբերյալ ժողովը»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Շուրջ 18 մլն դոլար կարողություն ունեցող, Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող 46-ամյա Պրոխորովը երկուշաբթի հայտնել է, որ իր թեկնածությունն է առաջադրելու 2012թ.-ի մարտին կայանալիք Ռուսաստանի նախագահական ընտրություններին:

Նա նախատեսել էր մասնակցել դեկտեմբերի 4-ին կայացած Պետդումայի ընտրություններին որպես «Պրավոե դելոյի» առաջնորդ, սակայն սեպտեմբերի կեսին կուսակցությունում սկանդալ է բորբոքվել, որից հետո պատվիրակները պաշտոնանկ են արել կուսակցական առաջնորդին: -0-