Կոմիում կորած հայուհին գտնվել է Մոսկվայում
Կոմիի իրավապահ մարմիններն առաջիկա օրերին Սիկտիվկար կտեղափոխեն կիրակի օրը Մոսկվայում հայտնաբերած դպրոցական աղջկան, ով կորել էր մեկ շաբաթ առաջ, երկուշաբթի ՌԻԱ Նովոստիին է հայտնել Կոմիի ՔԿ վարչության հատուկ կարևոր գործերի բաժնի ավագ քննիչ Ալեքսեյ Արտեևը։
Օբյաչևո գյուղի 15-ամյա բնակչուհի Թամարա Ազմանյանը մայիսի 24-ից հետախուզման մեջ է Կոմիի իրավապահների կողմից։ Նրան մայիսի 23-ի առավոտյան առևանգել էին անհայտ անձինք։ Կոմիի ՔԿ վարչության հատուկ կարևորություն ունեցող գործերով բաժինը քրեական գործ է հարուցել անչափահասի առևանգման հատկանիշներով՝ ՌԴ ՔՕ 126-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Հոդվածը նախատեսում է մինչև 15 տարի ազատազրկում։
«Անցած հանգստյան օրերին Կոմիի իրավապահ մարմինները հայտնաբերել են աղջկան Մոսկվայում։ Նա հայ է։ Պարզաբանել է, որ հարսնացու է, և կովկասյան ծեսերից մեկի համաձայն, փեսացուի ընկերները նրան առևանգել են։ Նա չի առարկել, քանի որ մտադիր է ամուսնանալ Մոսկվայում և ապրել այնտեղ իր ամուսնու հետ»,- նշել է Արտեևը։
Ըստ նրա, դատաբժշկական փորձաքննությունից դպրոցականը հրաժարվել է։ Հայտարարել է, որ իրեն լավ է զգում։ Բռնության արտաքին նշաններ աղջկա մոտ չեն հայտնաբերվել։
«Առաջիկա օրերի ընթացքում դպրոցականը կտեղափոխվի Կոմի։ Եթե նրա ցուցմունքները հաստատվեն, ապա քրեական գործը կկարճվի հանցագործության կազմի բացակայության պատճառով»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը։ -0-