Կյանքից հեռացել է ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը

03.11.2010, 11:13
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը կյանքի 73-րդ տարում վախճանվել է ՌԴ նախագահի ԱՊՀ մասնակից-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ խորհրդական, ՌԴ նախկին վարչապետ, Ուկրաինայում Ռուսաստանի նախկին դեսպան Վիկտոր Չեռնոմիրդինը, չորեքշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է քաղաքական գործչի մտերիմներից մեկը:

«Չեռնոմիրդինը մահացել է այսօր Մոսկվայում գիշերը ժամը 04:00-ին: Վերջին ժամանակներս Վիկտոր Ստեպանովիչը ծանր հիվանդ էր», - նշել է գործակալության զրուցակիցը:

Չեռնոմիրդինը 1992 թ.-ի դեկտեմբերից մինչև 1998 թ.-ի մարտը զբաղեցրել է Ռուսաստանի վարչապետի պաշտոնը, 2001-2009 թթ.-ին եղել է Ուկրաինայում ՌԴ դեսպան: Վերջին ժամանակներս նա զբաղեցնում էր ՌԴ նախագահի ԱՊՀ մասնակից-պետությունների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ խորհրդականի պաշտոնը:

Գործակալության զրուցակցի խոսքերով՝ Չեռնոմիրդինը շատ ծանր է վերապրել կնոջ մահը, ով վախճանվել էր այս տարվա մարտին երկարատև հիվանդությունից հետո: Ամուսինները միասին են ապրել գրեթե կես դար, ունեցել են երկու որդի, ովքեր ծնողներին են պարգևել չորս թոռնիկ:-0-