Ռուսական հասարակության վրա ԶԼՄ-ների ազդեցությունը մեծ է, իսկ ինտերնետի դերն աճում է. Մեդվեդև

10.09.2010, 18:36
Ռուսական հասարակության վրա ԶԼՄ-ների ազդեցությունը մեծ է, իսկ ինտերնետի դերն աճում է. Մեդվեդև

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նշում է հասարակական գիտակցության ձևավորման համար ռուսական առաջատար ԶԼՄ-ների կարևոր դերը և մատնանշում է քաղաքացիների իրազեկության գործում  ինտերնետի աճող դերը։

«Ռուսաստանում հասարակական գործընթացների վրա դրանց (ԶԼՄ-ների) ազդեցությունը բավականին մեծ է... «ՌԻԱ Նովոստին» խոշոր լրատվական գործակալություն է, որը տեղեկատվություն է տարածում գրեթե բոլոր տեղերից։ Դա պետական գործակալություն է։ Շատերը կարդում են «Իզվեստիա» թերթը, երկրում գործում է CNN-ի և BBC-ի նման  «Ռոսիա 24» լրատվական հեռուստաալիքը, անգլերեն լեզվով ալիք կա, որն աշխատում է շուրջօրյա՝ Russia Today»,- Յարոսլավլում կայացած միջազգային քաղաքական ֆորումի շրջանակներում արտերկրի և ռուս քաղաքագետների հետ հանդիպման ժամանակ ասաց Մեդվեդևը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշեց, որ սրանք բոլորը զանգվածային լրատվության լուրջ միջոցներ են, որոնք միլիոնավոր լսարան ունեն։ Ամեն դեպքում, ասաց Մեդվեդևը, այս ամենը չի փոխարինում ինտերնետին, որի դերը տարեցտարի միայն աճում Է։

«Կարող եմ անկեղծորեն ասել, որ ես շատ հազվադեպ եմ հեռուստացույց դիտում՝ հեռուստացույցով լուրեր, ինտերնետի միջոցով դրանք ավելի հեշտ է ստանալ, ավելի հարմար է, դրանք այնտեղ կան և ձայնագրություններով, և օնլայն»,- ասաց նախագահը։

Մեդվեդևը հավաստիացրեց, որ ռուսական իշխանությունները չեն զբաղվում ինտերնետի կարգավորմամբ և չեն էլ ծրագրում անել դա։

«Ինտերնետն իր օրենքներով է ապրում, այնպիսի, ինչպիսիք այլ երկրներում է։ Երբ պարբերաբար ինձ մոտ գալիս և ասում են. «Դե, այնտեղ Ձեր և ուրիշների մասին այլանդակություններ են գրում, և, ընդհանրապես, այնտեղ լրիվ անառակություն է, եկեք սկսենք այն կարգավորել»,- ես պատասխանում եմ՝ ոչ,- ասաց պետության ղեկավարը։ -0-