Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեջ մեկ երեխա կա. Գլխավոր դատախազություն

09.09.2010, 18:19
Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի մեջ մեկ երեխա կա. Գլխավոր դատախազություն

Վլադիկավկազի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբերկչության հետևանքով մի երեխա է զոհվել, հինգշաբթի  «ՌԻԱ Նովոստիին» հայտնեց ՌԴ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ հինգշաբթի՝ մոսկովյան ժամանակով մոտ ժամը 10.30-ին, Վլադիկավկազի կենտրոնական շուկայի Ջինաևի փողոցի մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել:

«Տվյալ պահին ունեցած տեղեկատվության համաձայն՝ պայթյունի հետևանքով 15 մարդ, այդ թվում մեկ երեխա է զոհվել, ավելի քան 50 մարդիկ տարբեր աստիճանի  վնասվածքներ են ստացել»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հյուսիսային Օսեթիայի ղեկավար Թայմուրազ Մամսուրովն ավելի վաղ հայտնել էր, որ տուժածների թիվն արդեն 90-ի է հասել, դրա հետ մեկտեղ նրանցից տասը գտնվում է շատ ծանր վիճակում:

Ըստ դատախազության տվյալների՝ պայթյունի էպիկենտրոն է դարձել «Վոլգա» («ГАЗ-31105») ավտոմեքենան, որի սեփականատերն  արդեն հաստատվել է:

Այս փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 205-րդ հոդվածի (ահաբեկչական գործողություն), 105-րդ հոդվածի 2-րդ մասի (երկու և ավելի անձանց սպանություն) և 222-րդ հոդվածի (զենքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով:

Նախկինում Ազգային հակաահաբերկչական կոմիտեն տեղեկություն էր տարածել, որտեղ զգուշացրել էր քաղաքի տարածքում նոր պայթյունների հնարավորության մասին: Դրանից հետո մի քանի ԶԼՄ-ներ՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ԴՔԿ աղբյուրներին, հայտնեցին, որ շուկայի մուտքի մոտ իբրև երկրորդ ռումբն է հայտնաբերվել: Իրավապահ մարմինների աշխատակիցները, ովքեր աշխատում են պայթյունի վայրում, «ՌԻԱ Նովոսիի» համար հերքել են այդ հաղորդագրությունները:

Կենտրոնական շուկան Վլադիկավկազի ամենամարդաշատ վայրերից մեկն է, և այն արդեն կրկնակի ահաբերկչության օբյեկտ է դարձել: Առաջին պայթյունը որոտացել է 1999թ.-ի մարտին, ընդ որում որոշ տվյալների համաձայն՝ դա տեղի է ունեցել մոտավորապես նույն վայրում, ինչ այսօր:

Արդյունքում ավելի քան 50 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը վնասվածքներ են ստացել:

Երկրորդ անգամ ահաբեկիչները գրոհել են շուկան 2008թ.-ի նոյեմբերին: Այդ ժամանակ շուկայի կանգառում պայթյուն է տեղի ունեցել երթուղային մեքենայում: Քննության տվյալներով՝ ռումբը գործի է դրել կին ահաբեկիչ մահապարտը: Արդյունքում 12 մարդ է զոհվել՝ ներառյալ ահաբեկչությունն իրագործողը, շուրջ 40-ը տարբեր բարդության վնասվածքներ են ստացել: -0-