ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները հինգշաբթի կքննարկեն ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեթոդները

22.06.2010, 17:34
ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները հինգշաբթի կքննարկեն ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեթոդները

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արձագանքման մեխանիզմի կատարելագործումը կքննարկվի Մոսկվայում հունիսի 24-ին կայանալիք ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը:

«Կքննարկվեն ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության առաջարկները: Օրակարգի երկրորդ կետը Աֆղանստանից բերվող թմրանյութերի սպառնալիքի խնդրի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծն է: Կքննարկվեն նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման ու գործարկման կարգը կանոնակարգող փաստաթղթերի նախագծերը», - տեղեկացրել են մամուլի ծառայությունից:

Ղրղզների և ուզբեկների միջև հունիսի 11-ի գիշերը Օշում սկսված էթնիկական բախումներից և այն բանից հետո, երբ Ղրղզստանի իշխանությունները դիմեցին ՀԱՊԿ-ին` խնդրելով խաղաղարար ուժեր մտցնել, ՀԱՊԿ-ն որոշում ընդունեց հանրապետությանը օգնություն ցուցաբերել ռազմական և ավիացիոն տեխնիկայի, ինչպես նաև հատուկ միջոցների տեսքով:

ՀԱՊԿ-ի անվտանգության խորհուրդների քարտուղարները հունիսի 14-ին մշակել են Ղրղզստանում իրավիճակի կայունացման միջոցառումների փաթեթը: Այժմ որոշում պետք է ընդունեն նախագահները: -0-