Տասնութ երկրների լրագրողներ կմասնակցեն Բելառուսի միջազգային մեդիաֆորումին

08.06.2010, 14:47
Տասնութ երկրների լրագրողներ կմասնակցեն Բելառուսի միջազգային մեդիաֆորումին

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Տասնութ երկրների լրագրողներ կմասնակցեն Բելառուսի միջազգային հինգերորդ «Գործընկերություն հանուն ապագայի» մեդիաֆորումին, որը կանցկացվի Բելառուսում հունիսի 8-11-ը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Բելառուսի տեղեկատվության նախարարության ներկայացուցիչը։

Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Թուրքմենստանի, Մոլդովիայի, Ուկրաինայի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Լիտվայի, Լատվիայի, Էստոնիայի, Գերմանիայի, Սիրիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։ «Բելառուսի Հանրապետություն. գործընկերություն հանուն ապագայի» լիագումար նիստը, որը կանցկացվի հունիսի 11-ին՝ Ազգային գրադարանում, կհավաքի մոտ 500 մասնակիցների։

Բելառուսական հինգերորդ միջազգային մեդիաֆորումի շրջանակներում ԲՊՀ Ժուռնալիստիկայի ինստիտուտի հիմքի վրա երեք օրվա ընթացքում կկազմակերպվի «Լրագրության ամառային դպրոցի» աշխատանքը։ Վարպետության դասեր կանցկացնեն Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի նախագահ Անատոլի Լիսենկոն, «Նոր լուրեր» թերթի գլխավոր խմբագիր Վալերի Յակովը, Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար, «Մեդիաշուկա» ամսագրի գլխավոր խմբագիր Վլադիմիր Կասյուտինը, Times թերթի գլխավոր թղթակից Էնթոնի Հալփինը, Russia Today ալիքի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսեյ Նիկոլովը։

Մեդիաֆորումի կազմակերպիչներն են Բելառուսի տեղեկատվության նախարարույթունը, Լրագրողական միությունների միջազգային համադաշնությունը և Բելառուսի ժուռնալիստների միությունը։ Բացի այդ, միջոցառումը կանցկացվի Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի, Դաշնակից պետության մշտական կոմիտեի, ԱՊՀ պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի, Բելառուսի ԱԳՆ և Մշակույթի նախարարության, ԱՊՀ Գործադիր կոմիտեի, ինչպես նաև Քաղաքային գործադիր կոմիտեի նախարարության և մարզային գործկոմների աջակցությամբ։ -0-