Վրաստանի և Ռուսաստանի սահմանի հսկիչ-անցակետը բացումից վեց ժամ անց դեռ որևէ մեկը չի հատել
Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» հսկիչ-անցակետը («Կազբեկի») մարտի 1-ին առավոտյան ժամը 06:00-ին վերսկսել է իր աշխատանքը, սակայն դեռ ոչ ոք այն չի հատել, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է Թբիլիսիի և Մցխեթա-Մթիանեթիի պարեկային ոստիկանության գլխավոր վարչության պետ Գեորգի Գեգեչկորին:
««Դարիալի» հսկիչ-անցակետը, ինչպես ծրագրված էր, բացվել է այսօր՝ առավոտյան վեցին: Դեռ ոչ ոք այն չի հատել: Մենք սպասում ենք առաջին սահմանը հատել ցանկացողներին», - ասել է Գեգեչկորին:
Նա տեղեկացրել է, որ «Կազբեկի» հսկիչ-անցակետը վերանանվել է «Դարիալի», քանի որ այն գտնվում է Դարյալի ձորում:
«Հսկիչ-անցակետն իրավունք ունեն հատել միայն Վրաստանի և Անկախ պետությունների համագործակցության երկրների քաղաքացիները, սակայն միայն մուտքի արտոնագրի առկայության դեպքում: Մուտքի արտոնագիր չունենալու դեպքում հսկիչ-անցակետը հատելն անհնար է», - ասել է Վրաստանի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Վրաստանի ԱԳՆ-ն, Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացիները մուտքի արտոնագրեր կարող են ստանալ Թբիլիսիում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան Ռուսաստանի շահերի բաժնում և Մոսկվայում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան Վրաստանի շահերի բաժնում:
«Կազբեկիի» միջոցով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների, ապրանքների և կենդանիների տեղափոխումն իրականացվելու է Վրաստանի օրենսդրությանը համաձայն, իսկ «Վերին Լարսի» միջոցով՝ Ռուսաստանի օրենսդրությանը համաձայն:
Հսկիչ-անցակետերը բաց կլինեն մարտի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը տեղական ժամանակով ժամը 6:00-ից մինչև 22:00-ին, իսկ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 1-ը՝ 7:00-ից մինչև 19:00-ն: Հաշվի առնելով կլիմայական պայմանները՝ նոյեմբերի 1-ից մայիսի 1-ը սահմանափակումներ են մտցվում անցակետերի միջոցով կցասայլերով և կիսակցասայլերով ավտոտրանսպորտի, ինչպես նաև ավելի քան երեսուն ուղևոր տեղափոխող ուղևորատար տրանսպորտի երթևեկության համար:
Արգելվում է հսկիչ-անցակետերի միջոցով հետիոտն հատել պետական սահմանը:
«Կազբեկի-Վերին Լարս» հսկիչ անցակետի (ռուս-վրացական սահմանի ցամաքային հատվածի վրա միակ պաշտոնական անցակետը) միջոցով երթևեկությունը փակվել էր 2006 թ.-ի հուլիսին՝ ռուսական կողմի որոշմամբ։ Փակման պատճառը անցակետի վերանորոգման և այն ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն էր։ 2009թ. մայիսի սկզբին կայացավ «Վերին Լարս» միջազգային ավտոանցակետի շինարարության ավարտի հետ կապված արարողությունը: Վրաստանը ԱՄՆ-ի օգնությամբ ավարտել է իր կողմից անցակետի վերանորոգումը 2009 թ.-ի սեպտեմբերին:-0-