Կրասնոդարում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայաստանի և Արցախի անկախության օրերին

08.09.2009, 13:52
Կրասնոդարում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայաստանի և Արցախի անկախության օրերին

Հայկական ժողովրդական և ռազմահայրենասիրական երգի համերգը, որը նվիրված է սեպտեմբերին նշվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (սեպտեմբերի 2) և Հայաստանի Հանրապետության (սեպտեմբերի 21) անկախության օրերին, տեղի կունենա սեպտեմբերի 15-ին Կրասնոդարում:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնից:

Կուբանի մայրաքաղաքի բնակիչների առջև հանդես կգա հայաստանցի հայտնի երգիչ Մակիչը (Մկրտիչ Մկրտչյան): Համերգը տեղի կունենա Երկաթուղայինների մշակույթի տան մեծ սրահում՝ ժամը 19:00-ին: Համերգին կմասնակցի «Արին-Բերդ» ժողովրդական պարի համույթը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, երբ սկսվեց Արցախյան շարժումը, Մակիչը, ինչպես նրան կոչում են ընկերները, Կոնսերվատորիայի վոկալի բաժնի ուսանող էր: Նա երգում էր բացառապես ժողովրդական և հայրենասիրական երգեր: Արտաքնապես նման լինելով աշխարհահռչակ Կոմիտասին՝ նա, ինչպես Կոմիտասը, շատ հոգատար է վերաբերվում յուրաքանչյուր երգի, հղկում երգը՝ վերածելով այն  ծիածանի բոլոր գույներով շողացող ադամանդի: «Ունկնդրելով Մկրտիչ Մկրտչյանին՝ սկսում ես ավելի լավ զգալ սեփական պատմությունը, հպարտանալ սեփական անցյալով և ներկայով», - նշում է հրատարակությունը:

Արցախյան պատերազմի տարիներին Մկրտիչը սկսեց կազմակերպել երաժիշտների այցեր Արցախ, իսկ այցերից մեկից հետո որոշեց մնալ Արցախում: Գրվեց Գետաշենի ֆիդայինների ջոկատում, ծառայեց Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հրամանատարության ներքո: Ոչ ոք չէր կռահում, որ Մկրտիչը հռչակավոր երգիչ է: Նա ծառայում էր ինչպես բոլորը՝ հսկում էր սահմանը, գնում  մարտերի...

Գետաշենի անկումից հետո Մկրտիչը տեղափոխվեց Շահումյան: Այնուհետև դարձավ Շուշիի առանձին գումարտակի սպա: Գումարտակի վարած մարտերից մեկի ժամանակ Մկրտիչը վիրավորվեց: Հոսպիատոլում, ցանկանալով փարատել ռազմիկների ձանձրույթը, Մկրտիչը մի անգամ երգեց: Դրանից հետո բոլորը խնդրում էին նրան երգել, և Մակիչի ձայնի մասին հռչակը տարածվեց հոսպիտալի սահմաններից դուրս:

«Ավտոմատն ու ձայնը Մկրտիչի գլխավոր զենքերն են, այդ թվում նաև Հայրենիքի նկատմամբ անձնվեր նվիրվածությունն ու սասունցու արիությունը», - նշում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի տեղեկատվական կենտրոնը:

«Մարտերից մեկի ժամանակ, երբ գումարտակը մեկ օր անընդմեջ մարտնչում էր թշնամու դեմ, ջոկատը գրեթե սողալով հասել էր անտառ: Չէին հասցրել մի փոքր հանգստանալ, երբ հրաման ստացվեց՝ բարձրանալ վեր և այնտեղից ջախջախել թուրքերին: Այդ օրերին գումարտակի հրամանատարին փոխարինում էր Ռոմիկ Մարգարյանը: Նա սկզբից փորձեց բացատրել ղեկավարությանը, որ գումարտակը գրեթե ուժասպառ է եղել, սակայն արագ հասկացավ, որ հաճախ այլ ելք չկա: Իսկ գումարտակն արդեն քուն էր մտնում...Ռոմիկը խնդրեց Մակիչին, «Երգիր ընկերս, արթնացրու տղաներին»: Եվ Մակիչը սկսեց երգել:

«Բարձրունքը գրավվեց: Կուշտ ու հանգիստ վայելած թուրքը փախուստի էր դիմում հայերի մոլեգին ճնշումից, փախչում էր իրեն հասնող Մակիչի ձայնից», - տեղեկացնում է հրատարակությունը:-0-