ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով պետք չէ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասնակիցներին դրսից «բաղադրատոմսեր» փաթաթել

Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան հակամարտության մասնակիցներին դրսից «բաղադրատոմսեր» փաթաթելուն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ին:
Իտալիայի Տրիեստե քաղաքում՝ այսօր կայանալիք «ութնյակի» նախարարական հանդիպման ժամանակ մասնակիցները ծրագրում են քննարկել խնդրի կարգավորման հետագա ուղիները:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է հետևողական և անփոփոխ, այն լավ հայտնի է», - հիշեցրել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտից: «Ռուսաստանը դեմ է հակամարտության մասնակիցներին դրսից «բաղադրատոմսեր» փաթաթելուն: «Մենք կարծում ենք, որ վերջնական ընտրության գլխավոր պատասխանատվությունը պետք է ընկած լինի ադրբեջանցիների և հայերի վրա»:
Ռուսաստանը «պատրաստ կլիներ աջակցել խնդրի լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կլինի բոլոր ներգրավված կողմերին, իսկ փոխզիջումային պայմանավորվածություն ձեռքբերման դեպքում՝ հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր»: «Կարծում ենք, որ կենսունակ կլինի այնպիսի որոշումը, որի արդյունքում տարածաշրջանը չի վերածվի միջազգային ռազմաքաղաքական մրցակցության ասպարեզի, ընդունակ կլինի վերադարձնել կայունությունն ու հանդարտությունն Անդրկովկասում», , - ավելացրել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Երկկողմ ձևաչափում և որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միասին, անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի և Հայաստանի նախագահների և արտգործնախարարների մակարդակով ընթացող քաղաքական կարգավորման գործընթացում օգնենք կողմերին մոտենալ հակամարտության լուծմանը», - հավաստիացրել են նախարարությունից:
«Հենց այս նպատակով է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցել Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հինգերորդ հանդիպումը, որից հետո նրանց հետ առանձին, իսկ այնուհետև միասին հանդիպել Դմիտրի Մեդվեդևը», - հիշեցրել են գերատեսչությունից:
«Սկզբունքորեն կարևոր ենք համարում այն, որ այդ հանդիպումների ընթացքում զգալի առաջընթաց է արձանագրվել՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման տեսակետից և ձեռք է բերվել պայմանավորվածություն ամենամոտ ապագայում հաջորդ հանդիպումն անցկացնելու մասին», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Ութնյակի» երկրների կեսից ավելին՝ Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, ընդգրկված են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում (խմբում ընդհանուր առմամբ 12 պետություն է ներառված), իսկ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը համանախագահներն են:
«Մենք գոհունակությամբ ենք նշում, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքային գրեթե բոլոր հարցերի շուրջ մեր դիրքորոշումները, ամեն դեպքում համանախագահող երկրների դիրքորոշումները, համընկնում են», - եզրափակել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-