Երգիչ Գազմանովը հինգ տարի անց ներողություն է խնդրել աբխազներից նրանց հայրենիքը Աջարիայի հետ շփոթելու համար

15.06.2009, 19:04
Երգիչ Գազմանովը հինգ տարի անց ներողություն է խնդրել աբխազներից նրանց հայրենիքը Աջարիայի հետ շփոթելու համար

Հայտնի ռուս երգիչ Օլեգ Գազմանովը Աբխազիայի պետական հեռուստատեսության եթերից ներողություն է խնդրել հանրապետության բնակիչներից, որ 2004թ. Սուխումիում տված համերգի ժամանակ Աբխազիան շփոթել է Աջարիայի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

2004 թվականին ռուսական շոու-բիզնեսի աստղերը, նրանց թվում նաև Գազմանովը, հրավիրվել էին մասնակցելու Սուխումիում ի պաշտպանություն իշխանության այն ժամանակվա նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբային անցկացվող համերգին: Ելույթներից մեկի ժամանակ Գազմանովը, հանդիսատեսին ողջունելիս, բացականչել էր. «Ողջո՜ւյն, Աջարիա»:

«Այն ժամանակ ես չափազանց հոգնած էի և նախորդ օրը երգել էի Աջարիայում, Բաթումիում, այդ պատճառով էլ այդպես անհեթեթ արտահայտություն թույլ տվեցի, հույս ունեմ, որ ինձ ներել են...»,- ասել է Գազմանովը հարցազրույցի ժամանակ:

Գազմանովը և մեկ այլ ռուս երգիչ Լև Լեշչենկոն այս տարի ժամանել են Աբխազիա, որպեսզի հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը,  համերգ տան ռուս սահմանպահների համար:

Աբխազական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Գազմանովը խաղաղություն և բարօրություն է մաղթել աբխազ և ռուս սահմանապահներին՝ ընգծելով, որ լեռներն ու ծովը մարդկանց մեջ կարող են միայն խաղաղություն, ստեղծարար միտք ու սեր սերմանել:

2004 թվականին Աբխազիայում կրկնակի նախագահական ընտրություններ անցկացվեցին: Երկրորդի ժամանակ Աբխազիայի բնակիչների ավելի քան 70 տոկոսը քվեարկեց ըննդիմադիր թեկնածու Սերգեյ Բագապշի օգտին:--0-