Սահակաշվիլին տեղեկացրել է, որ Վրաստանը Ադրբեջանի հետ գազի մատակարարման մասին 5 տարվա պայմանագիր է ստորագրել

21.05.2009, 12:20
Սահակաշվիլին տեղեկացրել է, որ Վրաստանը Ադրբեջանի հետ գազի մատակարարման մասին 5 տարվա պայմանագիր է ստորագրել

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տեղեկացրել է, որ Վրաստանը հինգ տարի Ադրբեջանից գազ կստանա։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել մայիսի 20-ին Սահակաշվիլու և նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի միջև Բաքվում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում, ասվում է Վրաստանի նախագահի հայտարարության մեջ։

Այժմ Վրաստանը գազի զգալի մասը ստանում է Ռուսաստանից, որի հետ հարաբերությունները բարդացել են 2008 թ.-ի օգոստոսյան իրադարձություններից հետո։

«Միխայիլ Սահակաշվիլին փաստել է, որ երկու երկրների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից է տնտեսությունը։ Վրաստանը Ադրբեջանի հետ գազի մատակարարման հնգամյա պայմանագիր է ստորագրել։ Իսկ դա նշանակում է, որ մոտակա հինգ տարվա ընթացքում վրացի ժողովուրդը Ադրբեջանից էներգակիրներ կստանա», - ասվում է հինգշաբթի «ԱզերԹաջ» պետական լրատվական գործակալության տարածած տեղեկատվության մեջ։

Սահակաշվիլին կարևորել է էներգետիկ և տրանսպորտային հատվածներում երկու պետությունների կողմից իրագործվող նախագծերը և կապերի հետագա ընդլայնման հույս հայտնել։

 «Մենք ռազմավարական նախագծեր ենք իրագործում», - ասել է նա։

Նախագահը տեղեկացրել է, որ հինգշաբթի կմեկնի Բաթումի՝ Բաքու-Բաթումի ավիաչվերթի բացման առիթով։

«Մոտ ժամանակներս այս քաղաքում կսկսվի խոշոր շինարարական նախագծի իրագործումը։ Այս ամենը մեր ժողովուրդների և երկրների միջև զարգացող համագործակցության արդյունքն է», - ասել է Վրաստանի նախագահը։-0-