Ռուսաստանցիների կեսից ավելին հավատում է առաջին հայացքից սիրուն. հարցում
Ռուսաստանցիների կեսից ավելին հավատում է առաջին հայացքից սիրուն, հիմնականում դրանք մեգապոլիսների բնակիչներն են, տեղեկացրել է Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի սոցիալական հետազոտությունների վարչության ղեկավար Ելենա Պախոմովան։
«Ռուսաստանցիների 59 տոկոսը կարծում է, որ առաջին հայացքից սերը հնարավոր է։ Նման կարծիքի են գրեթե հավասարապես և տղամարդիկ (58 տոկոս), և կանայք (60 տոկոս)», - ասել է նա «ՌԻԱ Նովոստի» գործակալությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքերով, առաջին հայացքից սիրուն հավատում են և ամուսնացածները (60 տոկոս), և չամուսնացածները (59 տոկոս)։ Որքան երիտասարդ են հարցվողները, այնքան հաճախ են դրական պատասխանում այդ զգացմունքի գոյության մասին հարցին, ավելացրել է Պախոմովան։
«Մեգապոլիսի բնակիչներն այլ տեսակի քաղաքների բնակիչներից ավելի հաճախ են հավատում առաջին հայացքից սիրուն։ Հնարավոր է, որ դա կապված է ավելի դինամիկ, կյանքի ռացիոնալ կենսակերպի հետ, երբ ժամանակ չկա այս ու այն կողմ նայել և առաջին հանդիպած հայացքը կարելի է առաջին հայացքից սեր համարել», - կարծում է սոցիոլոգը։
Հանկարծակի բռնկված զգացմունքին ավելի հակված են հավատալ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվողներն ու 45-49 տարեկան անձինք, ասել է Պախոմովան։-0-