ԵԱՀԿ նախագահը Թբիլիսիում կներկայացնի Վրաստանում առաքելությունը պահպանելու առաջարկությունը

06.02.2009, 10:17
ԵԱՀԿ նախագահը Թբիլիսիում կներկայացնի Վրաստանում առաքելությունը պահպանելու առաջարկությունը
ԵԱՀԿ նախագահը Թբիլիսիում կներկայացնի Վրաստանում առաքելությունը պահպանելու առաջարկությունը

ԵԱՀԿ նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին փետրվարի 12-ին Թբիլիսիում կներկայացնի Վրաստանում ԵԱՀԿ առաքելության պահպանման վերաբերյալ առաջարկությունը, հինգշաբթի հայտարարել է Հունաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Յորգոս Կումուցակոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Թբիլիսիում տիկին Բակոյանիին կտեղակացնեն տարածաշրջանում ընթացող իրադարձությունների մասին, նա նաև հնարավորություն կունենա ներկայացնել հունական նախագահության առաջարկություններն ու գաղափարներն այն մասին, թե ինչպես ապահովել կազմակերպության ներկայությունը տարածաշրջանում», - ասել է Հունաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ում հունական նախագահությունը կարևոր դեր է խաղացել Վրաստանից դեպի Հարավային Օսեթիա 2009 թ.-ի հունվարին բնական գազի մատակարարման վերականգնման գործում։ Հունաստանի այդ գործողությունները ողջունել է, մասնավորապես, Ռուսաստանը։

Կումուցակոսը հրաժարվել է պատասխանել լրագրողներից մեկի հարցին այն մասին, թե, արդյոք, չի՞ ծրագրում ԵԱՀԿ նախագահն այցելել Հարավային Օսեթիա։

«Այս պահի դրությամբ որևէ բան նախատեսված չէ, ինչի մասին ես կկարողանայի ձեզ տեղեկացնել», - նշել է Կումուցակոսը։

Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը ավարտվել է 2009 թ.-ի հունվարի 1-ին։ ԵԱՀԿ երկրները համաձայնության չեն եկել առաքելության ժամկետի երկարացման վերաբերյալ։ Այսպես, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչած Ռուսաստանը հայտարարել է, որ ԵԱՀԿ վրացական առաքելության նախորդ մանդատը, որը տարածվում էր նաև Հարավային Օսեթիայի վրա, նոր իրավիճակում անընդունելի է։

Միաժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ընթացիկ տարվա հունվարին ընդունելով Բակոյանիին Մոսկվայում, հայտարարել է, որ տարածաշրջանում ԵԱՀԿ առաքելության վերաբերյալ Հունաստանի առաջարկություններն ընթանում են իրատեսական ուղղությամբ և հաշվի են առնում այն իրավիճակը, որը ստեղծվել է ներկայում դե-ֆակտո և դե-յուրե։ Լավրովի խոսքերով, Ռուսաստանը պատրաստ է աշխատել այդ ուղղությամբ՝ հաշվի առնելով Հարավային Օսեթիայի և Վրաստանի դիրքորոշումները։-0-