ԱՊՀ առաջնորդները Պետերբուրգում կքննարկեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

06.06.2008, 11:08
ԱՊՀ առաջնորդները Պետերբուրգում կքննարկեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի ժամանակ կքննարկվեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր։

Ինչպես լրագրողներին տեղեկացրել է նախագահի խորհրդական Սերգեյ Պրիխոդկոն, Պետերբուրգյան 12-րդ միջազգային տնտեսական համաժողովի «դաշտերում» անցկացվող հանդիպմանը կմասնակցեն Համագործակցության բոլոր առաջնորդները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Առաջին անգամ ԱՊՀ գագաթնաժողովին որպես նախագահներ հանդես կգան Ռուսաստանի և Հայաստանի նոր ղեկավարներ Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը։ Վերջին անգամ Համագործակցության առաջնորդները հանդիպել են Մոսկվայում՝ փետրվարի 22-ին։ Այն ժամանակ Մեդվեդևը մասնակցում էր գագաթնաժողովին՝ որպես ՌԴ առաջին փոխվարչապետ։ Այդ պաշտոնը նա զբաղեցնում էր մինչև մարտի 2-ը, երբ ընտրվեց ՌԴ նախագահ։

«Սանկտ-Պետերբուրգում կայանալիք գագաթնաժողովին ենթադրվում է հիմնական ուշադրությունը դարձնել տնտեսական թեմատիկային։ Այդ կապակցությամբ կքննարկվեն էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում համագործակցության հեռանկարները», - ասել է Պրիխոդկոն։

Նրա խոսքերով, հանդիպմանն ավանդաբար կարևոր տեղ կզբաղեցնի հումանիտար փոխգործունեության թեման։ «Մասնավորապես, կքննարկվեն այդ բնագավառում ձեռքբերված համագործակցության ներուժի օպտիմալ կիրառման հարցերը՝ Համագործակցության ընդհանուր հումանիտար տարածքի ամրապնդման նպատակով», -  պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։

ԱՊՀ առաջնորդները նաև կքննարկեն այժմ ԱՊՀ-ում նախագահող Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեկում աշնանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական մի շարք հարցեր։

Պրիխոդկոն նշել է, որ ԱՊՀ պետութունների առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ավանդական օրակարգը չի կրում հստակ, ֆիքսված բնույթ, ինչը թույլ է տալիս մասնակիցներին՝ ներկայացնել բազմաթիվ հարցեր և առաջ քաշել նոր գաղափարներ ու նախաձեռնություններ։

«Այս գագաթնաժողովը չունի առանձին պայմանավորված օրակարգ։ Համագործակցության գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կզեկուցի առաջնորդների անցած հանդիպումից հետո իրականացված աշխատանքի մասին։ Բանավեճը կկենտրոնացվի համատնտեսական հարցերի շուրջ», - ասել է նա։

«Կայանալիք հանդիպումը լավ հնարավորություն կտա՝ Համագործակցության զարգացման բոլոր հրատապ հարցերի անկեղծ քննարկման, ինչպես նաև երկկողմ հարաբերություններ անցկացնելու համար։ Ընդ որում նման երկխոսությունը կշարունակվի պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ, որն ևս կրելու է աշխատանքային բնույթ», - ասել է նախագահի օգնականը։

ՌԴ նախագահի աջակցությամբ և մասնակցությամբ յուրաքանչյուր տարի անցկացվող Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովը հավաքում է համաշխարհային առաջնորդներին՝ Ռուսաստանի և համաշխարհային հանրության առջև ծառացած առավել հրատապ հարցերի քննարկման նպատակով։ Համաժողովի ավանդական մասնակիցներն են մի շարք երկրների նախագահներ, կառավարության, խորհրդարանի ղեկավարներ, նախարարներ, ինչպես նաև միջազգային բիզնեսի վերնախավը, համաշխարհային խոշորագույն ԶԼՄ-ների գլխավոր խմբագրեր և հայտնի փորձագետներ։-0-