Հայաստանում Վրաստանի դեսպանը դրական է գնահատում Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցության վերականգնումը

26.03.2008, 12:38
Հայաստանում Վրաստանի դեսպանը դրական է գնահատում Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցության վերականգնումը
Հայաստանում Վրաստանի դեսպանը դրական է գնահատում Թբիլիսիի և Մոսկվայի միջև օդային հաղորդակցության վերականգնումը

Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը լավ քայլ է՝ արված դեպի տնտեսական լիարժեք համագործակցության վերականգնում։ Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրեց Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Գաչեչիլաձեն։

Նախօրեին իրականացվել է Թբիլիսի-Մոսկվա առաջին չվերթը, այսպիսով վերականգնվել է Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցությունը, որը դադարեցվել էր 2006 թ.-ի աշնանը՝ օդային-նավիգացիոն ծառայության դիմաց վրացական կողմի պարտքերի պատճառով։

«Այն, ինչ տեղի էր ունենում մեկ ու կես տարվա ընթացքում նորմալ չէր, քանի որ օդային և փոստային հաղորդակցության փակումը, վրացական ապրանքների՝ Ռուսաստան ներկրման արգելքը, այս ամենը միակողմանի քայլեր են, որոնք ոչ մի լավ բան չտվեցին Վրաստանին, կարծում եմ նաև Ռուսաստանին», - ասաց Գաչեչիլաձեն։

Նրա կարծիքով, Ռուսաստանը անհրաժեշտ ուղղությամբ ճիշտ քայլ է արել՝ որոշելով վերականգնել ավիացիոն չվերթները։

«Հույն ունեմ, որ որոշում կընդունվի նաև բացել Վերին Լարս հսկիչ-անցագրային կետը, որը անհասկանալի պատճառներով փակ է արդեն շուրջ երկու տարի, ինչը նաև  թույլ կտա թեթևացնել Հայաստանի կապերը Ռուսաստանի հետ», - ասաց Գաչեչիլաձեն։

Վրաստանի հետ օդային հաղորդակցության դադարեցման մասին որոշումը ռուսական իշխանությունները ընդունել են 2006 թ.-ի աշնանը։ Մինչ այժմ վրացական ավիաընկերությունները ստիպված էին հանրապետություն չվերթներ իրականացնել տրանզիտ կարգով՝ երրորդ երկրների միջոցով, այդ թվում նաև Ուկրաինայի, Ադրբեջանի և Հայաստանի միջոցով։ Իր գործողությունները Ռուսաստանը բացատրել է օդային-նավիգացիոն ծառայության դիմաց վրացական կողմի պարտքով, որը այդ պահին կազմում էր 3,7 մլն դոլար։

Այս փուլում մարված է պարտքի մեծ մասը՝ 2 մլն դոլարը։ Այդ գումարի վճարումը իր վրա է վերցրել «Աիրզենա Ջորջիա Այրվեյս» ավիաընկերությունը։ Պարտքի մյուս մասը՝ 1,7 մլն դոլարը մարվելու է փուլառփուլ՝ մինչ տարեվերջ՝ ռուսական կողմի հետ համաձայնեցված ժամանակացույցի շրջանակներում։ Պարտքի այդ մասի մարումը իրենց վրա են վերցնում վրացական մի քանի ավիաընկերություններ։-0-