Նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները լինելու են Ռուսաստանի գրեթե բոլոր երկրամասերում. ԿԸՀ

26.02.2008, 12:08
Նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները լինելու են Ռուսաստանի գրեթե բոլոր երկրամասերում. ԿԸՀ
Նախագահական ընտրություններին միջազգային դիտորդները լինելու են Ռուսաստանի գրեթե բոլոր երկրամասերում. ԿԸՀ

Միջազգային դիտորդները կանցկացնեն մարտի 2-ին կայանալիք ՌԴ նախագահի ընտրությունների մոնիտորինգը երկրի գրեթե բոլոր երկրամասերում, հայտարարել է ՌԴ ԿԸՀ-ի նախագահ Վլադիմիր Չուրովը։

«Միջազգային դիտորդների ցանցը կընդգրկի ՌԴ գրեթե բոլոր սուբյեկտները՝ ելնելով ՌԴ ընտրական համակարգի զարգացման և և միջազգային համագործակցության շահերից», - ասել է Չուրովը երեքշաբթի՝ բացելով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) դիտորդական առաքելության ղեկավարության հետ հանդիպումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդներն աշխատելու են Ռուսաստանի ավելի քան 20 երկրամասերում, իսկ ՄԽՎ-ի միացյալ առաքելությունը և ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ ՌԴ-ի 35 սուբյեկտներում։

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդների խմբի համակարգող Ուռալ Մուհամեջանովն իր հերթին հայտարարել է, որ Միջխորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետևում է ՌԴ նախագահական ընտրությունների ընտրարշավի ընթացքին։

«Մենք անցկացրել ենք միջազգային չափորոշիչներին ՌԴ ընտրական օրենսդրության համապատասխանության հստակ, բազմակողմ վերլուծություն և համարում ենք, որ այն ամբողջովին համապատասխանում է բոլոր նորմերին», - ասել է նա։

Մուհամեջանովը տեղեկացրել է, որ ՌԴ նախագահի ընտրություններին հետևելու համար ձևավորվել է «դիտորդների պատշաճ խումբ», որը ներկայացնում է ԱՊՀ ութ երկրների խորհրդարանների պատգամավորներին։

«Ընտրությունների արդյունքների վերաբերյալ մենք կներկայացնենք պատշաճ, բազմակողմ և օբյեկտիվ փաստաթուղթ՝ դրանց անցկացման մասին», - հայտարարել է նա։

Երեքշաբթի նաև ծրագրված է ԿԸՀ-ի նախագահի հանդիպումը Համագործակցության Շանհայան կազմակերպության (ՀՇԿ) դիտորդների հետ։ Բացի դրանից, մոտ ժամանակներս Չուրովը մտադիր է հանդիպել ԵԽ-ի խորհրդարանական վեհաժողովի դիտորդներին։-0-