ՌԴ նախագահի պաշտոնի համար առաջին թեկնածուները կարող են պաշտոնապես գրանցվել արդեն չորեքշաբթի

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008 թ. մարտի 2-ին կայանալիք ՌԴ նախագահական ընտրությունների առաջին թեկնածուները կարող են պաշտոնապես գրանցվել արդեն չորեքշաբթի, լրագրողներին տեղեկացրել է ԿԸՀ անդամ Էլվիրա Երմակովան։
«Եթե այսօր մենք հասցնենք ամեն ինչ նախապատրաստել, ապա վաղը՝ ԿԸՀ-ի նիստի ժամանակ, կքննարկենք երկու կուսակցությունների՝ Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության և ՌԴ Կոմունիստական կուսակցության կողմից ներկայացված փաստաթղթերը», - ասել է Երմակովան երեքշաբթի Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Երեքշաբթի ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը և Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ԿԸՀ են ներկայացրել փաստաթղթերը՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար։
ԿԸՀ-ն արդեն գրանցել է նախաձեռնող երկու խմբերի՝ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովի և Ռուսաստանի Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Անդրեյ Բոգդանովի։
Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններից առաջադրվելիք թեկնածուներին, ապա նրանք չորսն են՝ «Յեդինայա Ռոսիայից» Դմիտրի Մեդվեդևը, Աջ ուժերի միության առաջնորդներից Բորիս Նեմցովը, ՌԴ Կոմունիստական կուսակակցության ԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը և Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին։ Երմակովան նշել է, որ ըստ իր տվյալների, այլ կուսակցություններն առաջադրումներ չեն կատարելու։-0-