Sanitek–ի ղեկավարը խոսել է Երևանում աղբահանության խնդիրների մասին և նշել, թե որքան գումար է կորցնում ընկերությունը
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Sanitek ընկերության հիմնադիր, համասեփականատեր և ղեկավար Նիկոլաս Տավինը երեքշաբթի ասուլիսի ժամանակ խոսել է Երևանում աղբահանության խնդիրների մասին։
«Խնդիրները սկսվել են երկու շաբաթ առաջ, և մենք աստիճանաբար լուծում ենք դրանք», – ասաց Տավինը։
Նրա խոսքով, աղբահանության խնդիրների առաջացման հիմնական պատճառներից մեկը տրանսպորտի տեխնիկական անսարքություններն են։
«Խնդիրներ են եղել` կապված մեքենաների պահեստամասերի հետ։ Մեր բեռնատարները համապատասխանում են եվրոպական չափանիշներին և ունեն բազմաթիվ զգայուն սարքավորումներ, որոնց հետ խնդիրներ էին առաջացել», – ասաց Տավինը։
Նա նշեց, որ խնդիրների լուծման նպատակով պատվիրվել են նոր բեռնատարներ։
«Նոր տրանսպորտ ձեռք բերելու համար կներդրվի առնվազն 500–600 հազար դոլար։ Մենք քննարկումներ ենք սկսել Mercedes-Benz ընկերության հետ ավտոպարկի ամբողջական թարմացման հարցի շուրջ», – տեղեկացրեց Տավինը։
Նա միաժամանակ նշեց, որ ընկերությունը զգալի վնասներ է կրում աղբարկղերի հետ առաջացած խնդիրների պատճառով։
«Դժվար է պատկերացնել, թե որքան է ամեն օր կորցնում ընկերությունը վնասված աղբարկղերի պատճառով։ Ամեն օր աղբարկղեր են կոտրվում ու այրվում, ինչի պատճառով ընկերությունն իր գործունեության ընթացքում արդեն կորցրել է մոտ 600 հազար դոլար», – ասաց նա։
Նրա խոսքով, այս պահին մայրաքաղաքում կա մոտ 8 հազար աղբարկղ և ևս հազարը պետք է տեղադրվի «Էրեբունի–Երևան 2800» տոնակատարությունից առաջ։ Աղբարկղերի ընդհանուր թիվը պետք է հասցվի 16 հազարի։
Նա նաև նշեց, որ խնդիրը ոչ միայն վնասված աղբարկղերի մեջ է, այլ նաև` մարդկանց, ովքեր, օրինակ, փոքր աղբարկղերի մեջ նետում են մեծ ծավալի աղբ։–0–