ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան ապրիլի 24–ին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների ընդհանուր արժեքների վկայություն էր, ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը։
«Հասկանում ենք, որ Հայոց ցեղասպանության տարելիցը պատմական, հոգևոր և բարոյաքաղաքական հսկայական նշանակություն ունի հանրապետության բարեկամական ժողովրդի համար։ Քաղաքական մակարդակով տվյալ հարցի նկատմամբ միանշանակ վերաբերմունքն արտահայտվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` այս տարվա ապրիլի 24–ին հիշատակի միջոցառումների մասնակցությամբ»,– ասաց Վոլինկինը։
Ըստ նրա, Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հարյուրամյակը կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի, այլ նաև ողջ մարդկության համար։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում