Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզաբանում են ներկայացրել մետրոյում զինված անձի և պայթյունի վերաբերյալ

19.11.2017, 16:14
Կիրակի Երևանի մետրոպոլիտենում իսկական իրարանցում էր:
Ոստիկանությունն ու ԱԻՆ-ը պարզաբանում են ներկայացրել մետրոյում զինված անձի և պայթյունի վերաբերյալ
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Կիրակի Երևանի մետրոպոլիտենում իսկական իրարանցում էր:

Ժամը 08:09-ին, ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ մետրոյում զենքով ու դանակով մի երիտասարդ կա:

«Ոստիկանության ծառայողները պարզել են, որ ահազանգը իրականությանը չի համապատասխանում: Կեղծ ահազանգ տվողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել: Նախապատրաստվում են նյութեր»,- Facebook-ի իր էջում գրել է ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

Ահազանգի հեղինակը հայտնել էր, թե իբր «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։

Ահազանգով ժամանած ոստիկանները մինչ կպարզեին եղելությունը հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։ Երրորդ ահազանգը վերաբերում էր Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանին:

Загружается новость ... "Право"

Բացի այդ, ինչպես հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, կիրակի ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն:
«Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի և գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետևանքով դադարեցվել է գնացքի ընթացքը»,- նշվում է հաղորդման մեջ:

Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հաղորդման համաձայն, ուղևորներն անվնաս դուրս են եկել գնացքից, իսկ արդեն ժամը 15:10-ի դրությամբ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է. գնացքները շարունակում են իրենց ընթացքը: -0-