ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ ղարաբաղյան պատերազմի մասին պատմող «Կյանք և պատերազմ» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա սեպտեմբերի 21-ին:
Ֆիլմը նվիրված է Հայաստանի անկախության 25-ամյակին: Պրոդյուսեր Կարեն Ղազարյանի խոսքով, ֆիլմի գաղափարն առաջացավ մեկ տարի առաջ:
«Այն տարիներին, երբ պատերազմ էր, մեզանից շատերը երկրում չէին, մենք խաղում էինք Հնարամիտների և զվարճալիների ակումբում և մեր ողջ գիտակցական կյանքի ընթացքում մեր մեջ առկա էր զգացումը, որ գուցե այն ժամանակ մենք պետք է այստեղ լինեինք: Մենք միշտ ուզում էինք երախտագիտության խոսքեր հայտնել և ինչ-որ ձևով մասնակից լինել այդ օրերին», - ասել է Ղազարյանը:
Կյանքը պատերազմից առաջ և հետո
Ֆիլմում իրադարձությունները ծավալվում են ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին: Սկզբում ներկայացվում է հերոսների կյանքը, հիմնականում թվում է, թե մարտական գործողություններից լրիվ հեռու, սակայն պատերազմի հետ կապված: Ֆիլմը փոխբացառող գաղափարների մասին է՝ ընկերության, սիրո, արիության, վճռականության, դավաճանության, վախկոտության, և անձամբ ռեժիսոր Մհեր Մկրտչյանը դժվարանում է ասել, թե ինչի մասին է ֆիլմը:
Դերասան Սամվել Թադևոսյանի խոսքով, ով մարմնավորել է գլխավոր հերոսին, ֆիլմը 90-ականների սերնդի մասին է, այն մարդկանց, ովքեր ապրել են այդ սարսափելի իրադարձությունները և երազել անկախության մասին:
«Սա ֆիլմ է տղաների մասին, ովքեր ապրում էին Խորհրդային Միությունում: Այն ժամանակ ուրիշ էր, այժմ մարդիկ այլ հոգեբանություն ունեն, այժմ մենք արդեն հաղթողներ ենք», - ասաց դերասանը:
Ֆիլմում նկարահանվել են նաև Անի Խաչիկյանը, Հայկ Մարգարյանը, Սամվել Թոփալյանը, Հայկ Պետրոսյանը և այլք: Դերասանների խոսքով, ֆիլմի նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի ամիս, որոնց ընթացքում նրանք սովորել են ճիշտ կրակել, օգտվել զենքից, շփվել ժեստերի լեզվով:
«Ֆիլմում կան բազմաթիվ կենդանի, իրական կերպարներ: Պատերազմը ոչ միայն զենք է, այլ նաև մարդկային պատմություններ, հարաբերություններ, անձնական վերապրումներ: Այդ տեսանկյունից ֆիլմում մեզ՝ դերասաններիս համար ավելորդ էմոցիաներ չկային, դժվար էր չանցնել այդ սահմանագիծը»,- խոստովանեց Սամվել Թոփալյանը:
Ոչ հեռու անցյալ և իրական ներկա
«Կյանք և պատերազմ» ֆիլմը, թեև պատմում է 90-ականների իրադարձությունների մասին, բայց առաջին իսկ րոպեներից ստիպում է հեռուստադիտողին մոռանալ անցյալը և վերադառնալ մեր օրերի իրադարձություններին:
Ղարաբաղյան պատերազմի մասին պատմությունը դեռ թարմ է, իսկ 2016 թվականի ապրիլի 2-5-ի իրադարձությունները ղարաբաղաադրբեջանական սահմանում թարմացրին վերքը:
Ժապավենի հեղինակների խոսքով, քառօրյա պատերազմը չէր կարող ֆիլմի վրա չանդրադառնալ:
«Երբ սկսվեցին սցենարի աշխատանքները, Ղարաբաղի սահմանում ադրբեջանական ագրեսիան սկսվեց, և այդ ժամանակ գաղափար հասունացավ նկարահանել ֆիլմի շարունակություն այդ օրերի, կյանքի և պատերազմի մասին 25 տարի անց: Արդեն նկարահանվել են շարունակության մի քանի դրվագներ, բայց դեռ ահռելի աշխատանք կա անելու»,- պատմեց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում