ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Այս պահին Երևանում ընթանում է ընդդիմության 17 կուսակցությունների կողմից կազմակերպված հերթական բողոքի ակցիան. հիմնական պահանջը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է:

Արդեն երրորդ օրն է, ինչ Ազատության հրապարակում հավաքվում են քաղաքական գործիչներ, պատգամավորներ և շարքային քաղաքացիներ՝ վրդովմունք հայտնելով նոյեմբերի 9-ին Վարչապետի ստորագրած հայտարարությանը՝ կապված Արցախում ռազմական գործողությունների դադարեցման հետ, որը նախատեսում է տարածքային լուրջ զիջումներ հօգուտ Ադրբեջանի:

Կազմակերպիչ կուսակցությունների ներկայացուցիչներն ու նրանց աջակցող քաղաքացիները Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքի աստիճաններին են դնում Փաշինյանի թիմի անդամների նկարներով և «Հող հանձնող», «Ստախոս», «Դավաճան» գրություններով պաստառներ:

Տեղում են ոստիկանական ուժերը։
