Նյու Յորքն ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել

22.04.2016, 22:58
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կումոն նախօրեին 2016 թվականի ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, հայտնում է նահանգապետի մամուլի քարտուղարությունը:
Նյու Յորքն ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է հռչակել
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կումոն նախօրեին 2016 թվականի ապրիլի 24-ը հռչակել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր, հայտնում է նահանգապետի մամուլի քարտուղարությունը:

«Այս քայլով հարգանքի տուրք ենք մատուցում ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերին, այլ նաև ցեղասպանությունից փրկված հայերին, որոնց ժառանգները հաստատվեցին Նյու Յորք նահանգում: Այսօր ԱՄՆ-ում հայկական համայնքի ներդրումը վկայում է նրանց հերոսության և ոգու մասին», - ասել է Էնդրյու Կումոն հիշատակի օրենսդրական բանաձևում:

Պաշտոնական տվյալների համաձայն, Նյու Յորքում ապրում է մոտ 150 հազար հայ, այդ թվում, 50 հազարը՝ Քվինսում և 10 հազարը՝ Մանհեթենում: Քաղաքում գործում են բազմաթիվ հայկական եկեղեցիներ, որոնցից հնագույնը Սուրբ Վարդանի Եկեղեցին է, Նյու Յորքում է գտնվում նաև «Փոքր Հայաստան» թաղամասը: 

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-