ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի խորհրդարանը երկուշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պարենային անվտանգության մասին» օրենքի լրացումները, որոնք ենթադրում են իրացվող սննդամթերքի վերահսկողության բարձրացումը։
Օրինագծի հեղինակ, պատգամավոր Հովհաննես Մարգարյանի խոսքով, փոփոխություններն ուղղված են ապրանքների պիտակների վրա տպվող տեղեկության ծավալի ընդլայնմանը, մասնավորապես, սննդամթերքում պարունակվող սննդային հավելումների վերաբերյալ։
«Հաճախ խանութներում վաճառում են մթերքներ, որոնց վրա նշված է, որ կիրառվել են սննդային հավելումներ, բայց կոնկրետ ցուցակ չկա։ Փոփոխություններով նախատեսվում է պարտադիր պահանջ` նշել հավելումների ցուցակը, հատկապես մսամթերքի և կաթնամթերքի դեպքում»,– նշեց Մարգարյանը։
Մասնավորապես, նա նշեց, որ պահանջը պարտադիր կլինի մսամթերքի, հատկապես, նրբերշիկի արտադրության համար։
Ինչ վերաբերում է կաթնամթերքին, ապա առաջարկվում է նշել սննդամթերքի մշակման, մասնավորապես, ինչ հումքից է այն պատրաստվել` կաթ, թե կաթի փոշի, որ սպառողն իրազեկ լինի ձեռք բերվող ապրանքի որակի մասին։
Պարտադիր է դառնում նաև լրացուցիչ կենսահավելումների նշումը, եթե այդպիսիք օգտագործվել են։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում