Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2–ամյա Տիգրանի մարմինը

24.05.2025, 11:20
20–օրյա որոնողական աշխատանքներից հետո այսօր Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2–ամյա Տիգրանի մարմինը
Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2–ամյա Տիգրանի մարմինը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ 20–օրյա որոնողական աշխատանքներից հետո այսօր Մարմարիկ գետում հայտնաբերվել է 2–ամյա Տիգրանի մարմինը։ 

Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ 

«Սիրելի՛ քաղաքացիներ, ցավալի լուր պետք է հայտնեմ։ Այսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ «Հրազդան» ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը», – գրել է Սարգսյանը։

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 4–ի առավոտյան։ Երեխայի հայրը և պապիկը մեքենան սարքելիս են եղել, երբ հայրը երեխաներին՝ աղջկան և տղային, տուն է ուղարկել, իսկ տունը եղել է ամենաշատը 50 մետր հեռավորության վրա։

Երբ դուստրը տուն է մտել, մայրը հետաքրքրվել է, թե տղան որտեղ է, իսկ 3-4 տարեկան քույրն ասել է, որ իր հետ չէ։

Ծնողները փորձել են ձայն տալ, գտնել, իսկ երբ թաղամասում փնտրելուց հետո չեն գտել, ահազանգել են փրկարարներին, որ գուցե երեխան գետն է ընկել։ 20 օր շարունակ մեծ թվով փրկարարներ, կամավորներ, ոստիկաններ, պարեկներ և պարզապես սովորական քաղաքացիներ հսկայածավալ որոնողական աշխատանքներ են իրականացրել՝ կիրառելով ԱԹՍ–ներ և հատուկ վարժեցված շներ։