Մանե Թանդիլյանն առաջարկում է հանել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրով առկա սահմանափակումը

08.07.2019, 21:20
Հայաստանում ներկայում գործում է հիփոթեքային վարկերի տոկոսների մարման ծրագիր` պետբյուջե վճարված եկամտահարկի հաշվին։
Մանե Թանդիլյանն առաջարկում է հանել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրով առկա սահմանափակումը
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն օրինագիծ է առաջարկել հիփոթեքի մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրով սահմանափակումները հանելու վերաբերյալ։

Հայաստանում ներկայում գործում է հիփոթեքային վարկերի տոկոսների մարման ծրագիր` պետբյուջե վճարված եկամտահարկի հաշվին։ Միաժամանակ գործում է բնակարանի արժեքի` 55 մլն դրամի սահմանափակում և ոչ ավելի, քան 1.5 մլն դրամի չափով ԱԱՀ եռամսյակային վերադարձի սահմանափակում։

Նա նշում է, որ սահմանափակումները կատարվել են` ելնելով «սոցիալական» հիմնավորումից, ինչն անհնար է դարձրել ավելի թանկ բնակարանների ձեռքբերման նախագիծը շահառուների համար։
«Սահմանափակումները որևէ բացատրություն չունեն, քանի որ թանկ բնակարանները նույնպես ապրուստի խնդիրներ են լուծում։ Այդպիսի բնակարանների արտոնյալ ձեռքբերման հնարավորությունների սահմանափակումը լուրջ խնդիրներ է ստեղծում շինարարական հատվածում, քանի որ բացառվում է մեծ բնակարանների կառուցումը, ինչը հաճախ անհնար է ճարտարապետական տեսանկյունից»,– գրել է Թանդիլյանն իր Facebook–ում։
Բացի այդ, Թանդիլյանի խոսքով, բարձր աշխատավարձեր ստացողների կողմից մեծ բնակարաններ ձեռք բերելու անհնարինությունը խնդիրներ է ստեղծում բազմազավակ ընտանիքների համար, իսկ սահմանափակումների բացակայությունը չի կարող հանգեցնել որևէ չարաշահման։

Ֆինանսների նախարարության դիրքորոշումը

Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հունիսի 7–ին 2018թ. բյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է վերանայել հիփոթեքի մարման նպատակով եկամտահարկի վերադարձի ծրագիրը։

«Ծրագրի իրագործման որոշումն արդարացված էր այդ պահին, քանի որ շինարարության ոլորտում անկում էր գրանցվել, և անհրաժեշտ էր խթանել ոլորտը` տնտեսության ակտիվացման նպատակով»,– ասել է նա։

Նրա խոսքով, այսօր աշխարհում չկան երկրներ, որ նման կերպ խթանեն շինարարության ոլորտը, որն ամենուրեք բավականին շահութաբեր է համարվում։

Սակայն, ինչպես նշել է նախարարը, բնակարանի գնման արժեքի սահմանափակման ներդրումից հետո խնդիրը սոցիալական ուղղվածություն է ստացել։ -0-