Կարմրուկի առումով լարված համաճարակային իրավիճակը շարունակվում է․ ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՀԿ-ն ահազանգում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին:
2024-2025թթ. եվրոպական տարածաշրջանի երկրներում գրանցվել է կարմրուկի 127,350 դեպք, ինչը կրկնակի բարձր է 2023 թվականի համեմատ և ամենաբարձրն է 1997 թվականից ի վեր, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Կարմրուկը սուր վիրուսային, խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Կարմրուկին բնորոշ է ցանի էտապայնությունը։ Այն սկսվում է ականջախեցու հետին հատվածից, դեմքից, այնուհետև ցանն ի հայտ է գալիս պարանոցին, կրծքավանդակի վերին հատվածին, իրանի մնացած մասերին և վերջույթներին։
Կարմրուկը վտանգավոր է իր բարդություններով՝ թոքաբորբ, էնցեֆալիտ, կուրություն: Այն կարող է նաև վնասել իմունային համակարգը՝ «ջնջելով» նրա հիշողությունը, այլ վարակներից պաշտպանվելու համար:
Կարմրուկի վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։
ԱՆ–ից հիշեցնում են, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Հայաստանի Հանրապետությունում, համաձայն պատվաստումների ազգային օրացույցի, կարմրուկի դեմ պատվաստումներն իրականացվում են 2 դեղաչափ սխեմայով՝ 1-ին դեղաչափը 12 ամսականում, 2-րդ դեղաչափը` 4-6 տարեկանում:
Համաճարակաբանական ցուցումով պատվաստումներն իրականացվում են սկսած 6 ամսականից: