Իշխանությունները փորձում են գտնել օպտիմալ տարբերակ հանրաքվեի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար. ԶԼՄ

12.02.2020, 12:52
Իշխանությունները փորձում են գտնել օպտիմալ տարբերակ հանրաքվեի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար. ԶԼՄ
Իշխանությունները փորձում են գտնել օպտիմալ տարբերակ հանրաքվեի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

« «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետև բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին»,- ասվում է հոդվածում:

Թերթը գրում է, որ իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ Գյումրի և Վանաձոր, քաղաքապետերի ընտրությունը ևս նշանակել ապրիլի 5-ին` մասնակցության մեծ թիվ ապահովելու համար:

Загружается новость ... "Лево"

«Հիշենք, որ Գյումրիում ընտրությունը պետք է կայանար 2021-ին, սակայն որոշել էին տեղափոխել այս աշուն, հիմա ուզում են տեղափոխել գարուն` խոշորացման պատրվակով: Նույնը` Վանաձորի դեպքում»,- ասվում է հոդվածում:

Սակայն, ըստ հոդվածի հեղինակի, Գյումրու քաղաքապետի թեկնածու չունեն։ Համոզում են Հայկ Մարությանի տեղակալ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանին, սակայն վերջինս համաձայն չէ։

«Չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ, համ էլ իրեն քաղաքապետարանում կոմֆորտ է, էլ չենք ասում, որ նրա դեմ իր թեկնածությունը կդնի «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որի ընտրվելու շանսերը մեծ են»,- նշել է թերթի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ կիրակի օրը նախագահ Արմեն Սարգսյանը նշանակեց 2020թ.-ի ապրիլի 5-ին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացումը: -0-