HSBC–ի մասնաճյուղի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանն ու պահնորդը հետմատու պարգևատրվել են (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության մեդալներով են պարգևատրվել HSBC–ի մասնաճյուղի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանն ու պահնորդը։
Ինչպես նախօրեին հաղորդել էր ՀՀ ՔԿ–ն, մայիսի 4–ին ժամը 14:10-ի սահմաններում «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող « HSBC բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ։ Նա կրակոց է արձակել և դիտավորությամբ կյանքից ապօրինաբար զրկել հիշյալ մասնաճյուղում ծառայողական պարտականություններն իրականացնող, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև իր մոտ եղած դանակով կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ հարվածել է իր ծառայողական պարտականություններն իրականացնող նույն ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար և դիմել փախուստի: Բանկի մասնաճյուղից քիչ հեռու՝ Կոմիտասի պողոտայի 3/124 շենքի դիմաց, ոստիկանության աշխատակիցները հետապնդել են նրան, որի ընթացքում նա իր մոտ գտնվող կարաբինից, սպանելու դիտավորությամբ, կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատարի օգնական Արա Շախգուլյանի ուղղությամբ և պատճառել մարմնական վնասվածք: Նա վնասազերծվել է և բերման ենթարկվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, ծառայողական պարտականությունները կատարելիս խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար Արա Շախգուլյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, հետմահու պարգևատրվել է «Սխրագործության համար» մեդալով։
Ավազակային հարձակման ժամանակ խիզախություն և անձնազոհություն ցուցաբերելու համար, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով, «Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Խաչատուր Գալստյանը հետմահու պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։
Ոստիկանության պետի հրամանով՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով պարգևատրվել է նաև«Արմոբիլ» անվտանգության ծառայության պահնորդ Արամ Մկրտչյանը, ում հրազենային վնասվածք էր պատճառել հանցագործը։
Հանցագործին վնասազերծելու ժամանակ ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար Պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկան, ոստիկանության ավագ Վաղինակ Սարգսյանը ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել է «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով։
«Ոստիկանությունը կարևորում է հանցագործությունների կանխարգելման և բացահայտման գործում քաղաքացիների համագործակցությունը, ոստիկանության ծառայողներին ցուցաբերած աջակցությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հանցագործին բռնելիս ոստիկանության ստորաբաժանումների օպերատիվ խմբերին աջակցած քաղաքացիներ Տիգրան Ալավերդյանն ու Հրաչյա Մեժլումյանը, ոստիկանության պետի հրամանով, պարգևատրվել են «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։–0–