ՀՀ–ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը, շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները․ԱՆ

20.03.2025, 19:07
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը
ՀՀ–ում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը, շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները․ԱՆ

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվությունը։ Այն պայմանավորված է մի քանի գործոնով՝ վիրուսների առանձնահատկություններ, փակ տարածքներում մարդկանց կուտակումներ, վիրուսների փոխանցման մեխանիզմներ։ 

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկամն և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշել է, որ աշխարհի բազմաթիվ երկրներում ևս սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է, հայտնում է «Արմենպրեսը»։

Անդրադառնալով կարմրուկի, գրիպի, սուր շնչառական վարակների առումով Հայաստանում տիրող համաճարակային իրավիճակին՝ Գրիգորյանը նշել է, որ մեր երկրում 2025 թվականին կարմրուկի դեպքեր չեն գրանցվել:

«Ինչ վերաբերում է գրիպին և սուր շնչառական վարակներին, ապա նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվություն։ Շարունակաբար իրականացվող լաբորատոր հետազոտությունների արդյունքները փաստում են, որ հանրապետությունում շրջանառվում են գրիպի Բ տեսակի հարուցիչները, իսկ շնչառական այլ վարակներից՝ ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսի հարուցիչը», – նշել է նա։

Նրա խոսքով, աշխարհում կարմրուկի և սուր շնչառական վարակների առումով համաճարակային իրավիճակը լարված է:

«2024 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է կարմրուկի 359 հազար 521 դեպք: ԱՀԿ-ն հայտնում է եվրոպական տարածաշրջանում վերջին 25 տարում կարմրուկի ամենաշատ դեպքերի գրանցման մասին: Միայն 2023 թվականին տարածաշրջանում 500 հազար երեխա բաց է թողել կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս առումով մեր երկրում վիճակը կայուն է, սակայն իրազեկման աշխատանքները շարունակում ենք»,– նշել է Գրիգորյանը։