ՀՀ նախագահը պատրաստվում է այցելել Գերմանիա

09.03.2016, 19:53
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ԳԴՀ–ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ։
ՀՀ նախագահը պատրաստվում է այցելել Գերմանիա
ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ քննարկել է երկկողմ գործակցության գերակա ուղղությունները, մասնավորապես, տնտեսության ոլորտում։

«Կարծում եմ, որ մեզ համար կարևորագույն ուղղություն է գերմանական տեխնոլոգիաների ներգրավումը Հայաստանի արդյունաբերության, արտադրության մեջ: Կան այդպիսի վառ օրինակներ։ Մեզ համար շատ ցանկալի է, որ մեր եղած ձեռնարկություններն ամբողջովին վերազինվեն նման սարքավորումներով»– ասել է Սարգսյանը, հայտնում է նախահահի մամուլի ծառայությունը։

Նա մի կարևոր ուղղություն էլ մատնանշեց, կա, որով մենք, ցավոք, Հայաստանը հաջողություններ չունի, բայց խիստ անհրաժեշտ է։ Խոսքս գերմանական սարքավորումները լիզինգով, այսինքն՝ հայ գործարարների համար շահավետ պայմաններով ձեռք բերելու մասին է։

«Մենք արդեն եվրոպական գործընկերներին ներկայանում ենք նաև որպես ԵԱՏՄ անդամ, որը նոր հնարավորություն է՝ հրավիրելու նրանց ներդրումներ կատարելու Հայաստանում՝ ունենալով նաև ԵԱՏՄ տարածքը որպես շուկա։
Նախագահը նշել է, որ մոտ ժամանակներում այցելելու է Գերմանիա, բացի այդ կանցկացվի հայ–գերմանական գործարար համաժողով, միջկառավարական հանձնաժողովի նիստ:

«Գերմանիան մեր երկրի թիվ մեկ առևտրային գործընկերն է Եվրամիության երկրների շարքում. վերջին 5-6 տարիների ընթացքում առևտրաշրջանառության ծավալները տատանվել են 350-450 մլն դոլարի սահմաններում, ինչը վատ ցուցանիշ չէ»,– ասել է նախագահը։

Նա կարևորել է նաև Զարգացման գերմանական բանկը (KfW) հետ գործակցությունը, որն արդեն ավելի քան 20 տարի է տևում։ Նա ընդգծել է, որ բանկը Հայաստանի տնտեսական զարգացման գործում ուղղակի անփոխարինելի դերակատարություն է ունեցել:

Դեսպան Աշոտ Սմբատյանը ներկայացրել է հայ-գերմանական առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս վիճակը, զարգացման դինամիկան, ընթացիկ և առաջիկա ծրագրերը, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության և այլն, փոխգործակցության հնարավորությունները, ինչպես նաև Գերմանիայում ՀՀ դեսպանության կողմից վերոնշյալ ուղղություններով իրականացվող աշխատանքները:

Դեսպանն ավելացրել է, որ այս ժամանակահատվածում բանակցություններ են տարվել գերմանական «Սիմենս», «Սափ» և «Լյուֆթանզա» ընկերությունների հետ, որպեսզի աշխարհագրական տեղաշարժերի շրջանակներում նաև Հայաստանը հնարավոր և հետաքրքրող շուկա հանդիսանա։

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին: -0-