ՀՀ էներգետիկայի նախարարը կարող է լքել պաշտոնը, հայտնի է հնարավոր իրավահաջորդի անունը

26.02.2016, 11:14
Իշխանական շրջանակներում լուրեր են արծարծվում այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը ցանկանում է զբաղեցնել էներգետիկայի նախարարի պաշտոնը:
ՀՀ էներգետիկայի նախարարը կարող է լքել պաշտոնը, հայտնի է հնարավոր իրավահաջորդի անունը
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Իշխանական շրջանակներում լուրեր են արծարծվում այն մասին, որ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը ցանկանում է զբաղեցնել էներգետիկայի նախարարի պաշտոնը, և նա ջանք չի խնայում իր նպատակին հասնելու համար, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Միաժամանակ, Յոլյանը բավականին մտերիմ հարաբերություններ ունի Սերժ Սարգսյանի հետ»,– նշվում է գրառման մեջ։

Հրապարակման հեղինակները գրում են, որ վերջին ժամանակներում ակտիվացել են խոսակցություններն այն մասին, թե էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շուտով կլքի պաշտոնը։ Դրան զուգընթաց նշվում է նաև, որ Յոլյանն անում է հնարավորինս այդ պաշտոնը ստանալու համար։

«Էներգետիկայի նախկին ղեկավար Արմեն Մովսիսյանի մահից հետո Յոլյանը ցանկանում էր զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն նախարար դարձավ Զախարյանը, ասում են, որ Յոլյանը նեղացել է Սերժ Սարգսյանից և նույնիսկ մի քանի ամիս աշխատանքի դուրս չի եկել ՎՊ–ում»,– գրում են հոդվածի հեղինակները։ -0-