ՀԲԸՄ-ի և Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամի համատեղ աշխատանքը՝ հանուն երեխաների հոգևոր-հոգեբանական վերականգնման

31.10.2025, 20:25
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ամփոփեցին իրենց երկամյա համագործակցության արդյունքները ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան ճամբարի շրջանակում
ՀԲԸՄ-ի և Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամի համատեղ աշխատանքը՝ հանուն երեխաների հոգևոր-հոգեբանական վերականգնման

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) և Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ամփոփեցին իրենց երկամյա համագործակցության արդյունքները ՀԲԸՄ «Նաիրի» ընտանեկան ճամբարի շրջանակում: Միջոցառմանը ներկա էին հոգեկան առողջության ոլորտի մասնագետներ, ծրագրի մասնակիցներ և գործընկեր կառույցների ներկայացուցիչներ:

ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի խոսքով՝ «Նաիրի» ճամբարը սկզբում նախատեսված էր 44-օրյա պատերազմի զոհված հերոսների երեխաների համար, սակայն 2023 թվականի իրադարձություններից հետո ընդգրկվեցին նաև բռնի տեղահանության հետևանքներ կրած ընտանիքները:

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամի կողմից վերապատրաստված մասնագետները երկու տարի շարունակ հոգևոր-հոգեբանական աջակցություն են տրամադրել հարյուրավոր երեխաների և նրանց մայրերին: Միայն 2024 թվականին աջակցություն է ստացել 650 մայր և 560 երեխա, իսկ ընթացիկ տարում՝ ավելի քան 700 երեխա և շուրջ 250 մայր:

Ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանն ընդգծեց, որ սկզբում դժվար էր պատկերացնել ծրագրի նման ծավալն ու շարունակականությունը. «Տեսնելով արդյունքները՝ համոզվեցինք, որ նման նախաձեռնությունները ոչ միայն աջակցություն են ապահովում, այլ դառնում են հավատքի, հույսի և ներքին ուժի աղբյուր»:

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը նշեց. «Հոգևոր-հոգեբանական նորարարական մոտեցմամբ ստեղծված մեր խմբային աջակցության ծրագրերը օգնում են մարդկանց խիզախել՝ դեպի սեփական ապագա հավատո քայլ անելու համար»:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Երեխաների հոգևոր-հոգեբանական աջակցությունը համայնքային միջավայրում․ փորձ, մոտեցումներ և համատեղ պատասխանատվություն» թեմայով: Քննարկմանը մասնակցեցին Նաիրի ճամբարի տնօրեն Հերմինե Դուզյանը, հիմնադրամի հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը, հոգևոր-հոգեբանական մեթոդի մասնագետ Լանա Քոչինյանը և մանկական հոգեբան, Երևանի գեշտալտ ինստիտուտի տնօրեն Մարինա Սերոբյանը:

Այս տարի «Նաիրի» ճամբարում առաջին անգամ իրականացվել է Հիմնադրամի «ԹՌԻՉՔ» ծրագիրը՝ 12+ տարիքի դեռահասների համար, ովքեր բախվել են բռնի տեղահանության, կորստի կամ պատերազմի այլ հետևանքների: Մանկական հոգեբան Մարինա Սերոբյանը նշեց. «Տրավմայի հետևանքով երեխաները հաճախ կորցնում են իրենց ներքին հենարանները, իսկ նման ծրագրերը օգնում են դրանք վերագտնել»:

Հիմնադրամի հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը հիշեցրեց, որ ծրագիրը նպատակ ունի նպաստել ապագայամետ մտածողության ձևավորմանը. «Այս ծրագիրը խարսխված է մշակութային հիշողության ու տոկունության պատմությունների վրա և օգնում է դեռահասներին նոր իմաստներ ու նպատակներ գտնել»:

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը շարունակում է իր խմբային աջակցման ծրագիրը, որին արդեն մասնակցել են հարյուրավոր մարդիկ:

Վերականգնման սեփական ճանապարհը որոնողները կարող են գրանցվել revival.am/help հղումով։

 «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: 

Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրա­վիճակ­ներում հոգեկան առողջության վերականգնման մա­սին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբա­նա­կան» լուծումներ։

Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։

Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։

MyCollages (95).jpg