Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը

18.08.2019, 11:00
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
 Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Տոնի խորհրդի համաձայն, խաղողով օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը:

Ազգային ավանդույթներ

 - рис.1

Խաղողօրհնեքը կապված է Հայկական լեռնաշխարևհում երկրագործության, մասնավորապես՝ գինեգործության ծագման և զարգացման հետ: Նախաքրիստոնեական Հայաստանում այն նշվում էր հայկական ավանդական Ամանորի կամ Նավասարդի օրերին: Նավասարդյան տոնախմբությունները տեղի էին ունենում հայոց բուն տոմարի վերջում՝ օգոստոսին, երբ կատարվում էին հասունացած պտղի (ներկա դեպքում՝ խաղողի) օրհնության և ճաշակման ծեսը:
Բերքի օրհնման ծեսը կատարվել է Հայոց արքայի կամ քրմապետի կողմից: Երվանդունիների ժամանակաշրջանում տոնը կապվում է պտղաբերևության աստվածուհի Անահիտի և սիրո դիզուհի Աստղիկի պաշտամունքի հետ:

 - рис.2

Հելլենականության ազդեցության տակ տոնը կապվել էր խաղողագործության և գինեգործության հովանավոր հունական աստված Դիոնիսոսի տոնակատարությունների հետ: Դիոնիսոսյան երթերն ու հրաշագործությունները անցնում էին Հունաստան – Սիրիա – Ասիա – Հնդկաստան ճանապարհով և մշտապես ուղեկցում էին կանայք՝ բաքոսուհիները: Տոնակատարության օրը սեղանին մրգեր էին դնում, մասնավորապես տոնի խորհրդանիշը` խաղողը։ Մատուցում էին նաև գաթա, զոհաբերում էին գառ ու բաժանում չքավորներին:

Եկեղեցական ավանդություն

 - рис.3

Ըստ ավանդության՝ Մարիամ Աստվածածինը որդու՝ Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո ապրել է Երուսաղեմում, Հովհաննես Ավետարանչի խնամատարության ներքո։

Ըստ քրիստոնեական ավանդության, Մարիամ Աստվածածինը շուրջ 12 տարի պահքով այցելել է Որդու գերեզմանն ու աղոթել։ Այդ այցելություններից մեկի ժամանակ էլ նրան է հայտնվել Գաբրիել հրեշտակապատն ու ավետել Տիրամոր՝ երկրային աշխարհից երկնային թագավորություն վերափոխվելու լուրը։ 26 օր անց նույն հրեշտակապետը Տիրամորը բերել է բրաբիոնի մի պսակ, որը հյուսել էր Ադամի դրախտից: Այն դնելով Սուրբ Աստվածածնի գլխին առաքյալները և իմաստուն սուրբ կույսերը օրհնել են Աստծուն։ Սուրբ Մարիամը մատնանշել է իր հանգստյան տեղը՝ Գեթսեմանի պարտեզում։

Բոլոր առաքյալներն, իրարից անկախ, հավաքվել են նրա տանը, որտեղ նա պատվիրել է Հովհաննես առաքյալին, որ նա Սբ. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Սուրբ Հաղորդություն ընդունի: Այստեղ Հովհաննեսը տախտակ վերցրեց, տվեց Աստվածամորն ու խնդրեց, որպեսզի վերջինս դրոշմի իր պատկերը։

Աստվածամայրը վերցրեց տախտակը, խաչակնքվեց և դրեց դեմքին, այնուհետև արցունքներով ողողեց և խնդրեց Աստծուն, որ մարդիկ այդ տախտակի օգնությամբ բուժվեն իրենց հիվանդություններից։ Սուրբ Աստվածածնի երկրային կյանքի վերջը եկեղեցին «քուն» է անվանում, այլ ոչ թե «մահ», հասկանալի դարձնելու համար երկինք նրա տեղափոխումը։ Ժամը երեքին, երբ առաքյալները շրջապատել են Աստվածածնի մահվան մահճը, նրա սենյակում հանկարծ Աստվածային կ ուրացնող լույս է փայլատակել, և Ինքը` Տեր Հիսուս Քրիստոսը հրեշտակներով շրջապատված իջել է երկնքից` ընդունելու համար Տիրամոր հոգին:

Բարթուղիմեոս առաքյալը ներկա չի եղել Տիրամոր հուղարկավորությանը: Գալով Երուսաղեմ՝ ցանկացել է վերջին անգամ տեսնել Աստվածամորը: Առաքյալները նրա խնդրանքով բացել են գերեզմանը, սակայն այն դատարկ է եղել: Սա նշանակել է, որ Հիսուսը, իր խոստման համաձայն, երկինք է փոխադրել Մորը: Բարդուղիմեոսին մխիթարելու համար առաքյալները նրան փոխանցեցին Աստվածամոր դրոշմված պատկերով տախտակը։ Մովսես Խորենացու համաձայն` Հայաստանի առաջին լուսավորիչը այն Հայաստան բերեց և տեղադրեց Դարբնոց կոչվող վայրում Անձևացյաց գավառում, որտեղ հետագայում Աստվածամոր պատվին եկեղեցի և կանանց համար նախատեսված վանք է հիմնվել։

 - рис.4

Մեր ժամանակներ

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Աստվածածնի վերափոխման տոնը օգոստոսի 15–ին ամենամոտ կիրակի օրը։ Տոնի առթիվ մատուցվում է Սուրբ Պատարագ, և կայանում խաղողօրհնեքի արարողություն, որով, փաստացի, օրհնվում է տարվա ողջ բերքն ու բարիքը։
Անցյալում խաղողօրհնեքը հիմնականում տեղի էր ունենում այգիներում, երբ քահանան մի ձեռքին մկրատը, իսկ մյուսին՝ խաչը, այցելում էր եկեղեցու կամ տվյալ բնակավայրի երեցի այգիները և այնտեղ կատարում խաղողօրհնության արարողությունը։ Խաղողից բաժին էին հանում նաև թռչուններին, որոնց համար օրհնված ողկույզները կախում էին աղբյուրների կամ խաչքարերի վրա։

 - рис.5

Ըստ հայկական ավանդույթների` տոնից առաջ չի կարելի խաղող ուտել։ Այդ օրը խաղողը եկեղեցի էին բերում, օրհնում էին, ու միայն դրանից հետո այն կարելի էր սեղանին դնել: Այդ խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը պահում են մինչ հաջորդ տարվա խաղողօրհնեքը, որպես առատության ապահովման նշան: Տոնը նաև Սուրբ Աստվածածին եկեղեցիների ուխտի օրն է։

Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներն են` Սուրբ Ծնունդ և Մկրտություն, Քրիստոսի Սուրբ Հարություն, Տիրոջ պայծառակերպություն (Վարդավառ), Աստվածածնի վերափոխման տոն, Խաչվերաց տոն: -0-